Իսրայելը ծրագրում է օգոստոսի 1-ից բացել երկրի սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների առաջ
Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ հնարավոր է օտարերկրյա քաղաքացիների համար երկրի սահմանները վերաբացվեն օգոստոսի 1-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Իսրայելի զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայության հայտարարությանը։
Նրա խոսքով՝ դա հնարավոր կլինի միայն կորոնավիրուսի համավարակի նկատմամբ եղած վերահսկողության պահպանման դեպքում։ Նա հավելել է, որ իրենց առաջնահերթ նպատակներից է իսրայելա-հունական և իսրայելա-կիպրոսյան ուղղություններով ավիահաղորդակցության վերսկսումը և զբոսաշրջության վերականգնումը։
«Ներգնա տուրիզմն արդեն մի քանի շաբաթ է, ինչ բաց է։ Իսրայելցիները վայելում են արևային եղանակը և չորս ծովերի հրաշալի լողափերը։ Հունաստանի և Իսրայելի միջև սահմանների բացումն Իսրայել մեկնելու երազանք ունեցող բոլոր այցելուների համար երկար սպասված իրադարձություն կլինի»,- նշել է ՌԴ-ում և ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Շկլյարը՝ հավելելով. «Մենք հետևում ենք նաև Ռուսաստանի համաճարակաբանական իրավիճակին, և հույս ունենք, որ մեր երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերսկսումը հնարավոր կլինի օգոստոսին»։










