Մոսկվայում սկսել են առցանց ձայներ գնել՝ ի պաշտպանություն սահմանադրական փոփոխությունների. «Дождь» (տեսանյութ)
Մոսկվայի բնակիչներին գումարի դիմաց սկսել են առաջարկել գրանցվել mos.ru կայքում և առցանց քվեարկել սահմանադրական բարեփոխումների օգտին: Այս մասին տեղեկացնում է «Дождь» հեռուստաալիքը:
Ամեն գրանցման համար խոստանում են վճարել 75 ռուբլի գումար, գրանցված օգտահաշվից քվեարկելու համար` ևս 50 ռուբլի: Հեռուստաալիքի սյուժեում ասվում է, որ օրական առաջարկում են գրանցել ամենաքիչը 20 օգտահաշիվ:
WhatsApp հավելվածում «Օլեգ Վիկտորովիչ» անվամբ օգտատերը պատմել է, որ ամեն գրանցման համար առանձին SIM քարտ է տրվելու: Այնուհետև, նրա խոսքով, յուրաքանչյուր հաշվի համար պետք է ստեղծել էլեկտրոնային փոստի հասցե և մուտքագրել այն տվյալները, որոնք նա խոստացել է տրամադրել ավելի ուշ: Քվեարկության օրը սխեմայի մասնակիցները պետք է կողմ քվեարկեն փոփոխություններին:
Ռուսական հեռուստաալիքի թղթակիցը հանդիպել է «Օլեգ Վիկտորովիչի» հետ և նրանից 25 SIM քարտ ստացել: Այդ մարդը նախապես խնդրել է բոլոր մասնակիցներին իրենց հետ բերել անձնագրերը, որպեսզի լուսանկարի նրանց գրանցման հասցեները: Արդյոք կատարել է պայմանը ռուսական հեռուստաալիքի թղթակիցը, թե ոչ, չի հաղորդվում:
Ռուսաստանում սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեն տեղի կունենա հուլիսի 1-ին:
Տեսանյութն` այստեղ:










