«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը հայտնել է, թե որքան ժամանակ է անհրաժեշտ ՌԴ-ին կորոնավիրուսով վարակման ամենօրյա ցուցանիշը նվազագույնին հասցնելու համար

23:08 • 17.06.20

Ռուսաստանին ևս մեկ ամիս է անհրաժեշտ կորոնավիրուսով վարակման մեկօրյա նվազագույն ցուցանիշին հասնելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:

Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանում տասից ավելի շրջաններ դեռևս կորոնավիրուսային հիվանդության նվազում չեն արձանագրում:

«Երեկվա նվազումը ցույց է տվել, որ մեկ օրում բացահայտվող վարակման դեպքերի միջին ցուցանիշն արդեն զգալիորեն ցածր է 8 հազարից: Այդ դինամիկան տեսնում ենք գրեթե բոլոր շրջաններում, շատ քիչ է մնացել, 10-ից ավելի շրջաններ, որոնք դեռ լուրջ փոփոխություն չեն ցուցադրում»,- ասել է Պոպովան:

Պոպովայի խոսքով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների մոտ 50 տոկոսն ախտանշաններ չունեն:

Հիշեցնենք, որ համաճարակի բռնկման պահից ի վեր Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 553 501 դեպք, որոնցից 7843-ը՝ վերջին մեկ օրում: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 304 342 մարդ, մահացել՝ 7478-ը, որից 194-ը՝ վերջին մեկ օրում: