Թուրքիան Իրաքի տարածքում քրդերի դեմ նոր գործողություն է սկսել. РИА Новости

06:18 • 17.06.20

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» դեմ իրաքյան Հաֆթանին շրջանի տարածքում «Վագրի ճիրան» նոր գործողության մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով «Անադոլու» գործակալությանը:

Նախարարությունից հաղորդել են, որ թուրքական զորքերն արդեն մտել են շրջան «թուրք ժողովրդի և սահմանների անվտանգությանը սպառնացող ՔԲԿ-ին և մյուս ահաբեկչական տարրերին չեզոքացնելու» գործողությունն իրականացնելու համար:

Գործողության մեջ ներառված է ավիացիան, T129 ATAK ուղղաթիռները և հարվածային անօդաչու թռչող սարքերը:

Երկուշաբթի Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ թուրքական ՌՕ ուժերը խոշոր օդային գործողություն են իրականացրել Իրաքի հյուսիսում՝ ոչնչացնելով Թուրքիայում արգելված  ՔԲԿ-ի  81 թիրախ: