ՀԴԲ-ն հետաքննում է ամերիկյան Nvidia ընկերության գլխավոր տնօրենի հետ կապված uկանդալի հանգամանքները. Թրամփ

10:11 • 10.11.26

Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է ամերիկյան Nvidia ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ կապված սկանդալի հանգամանքները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կպարզենք դա։ Ես գիտեմ, որ ՀԴԲ-ն զբաղվում է այս գործով մի փոքր այլ համատեքստում, և կարծում եմ, որ նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի», - սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում ասել է պետության ղեկավարը։

Նրան հարցրել են, թե արդյոք նա հաջորդ շաբաթ Չինաստանում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ կքննարկի այն կնոջ՝ չինական հետախուզության օգտին աշխատելու մասին պնդումները, ում հետ Հուանգը հարաբերությունների մեջ է եղել։

«Ոչ, չեմ կարծում։ Հնարավոր է՝ նախագահ Սի Ծինփինը ինքն ինձ հարցնի այդ մասին։ Պարզապես ես շատ լավ գիտեմ Ջենսենին։ Ես նրան շատ ազնիվ մարդ եմ համարում։ Նա պարզապես հիանալի է։ Նա հիանալի ամերիկյան ընկերություն է ստեղծել», - հավելել է նախագահը։

Նրան հարցրել են, թե արդյոք նա գիտեր Nvidia-ի ղեկավարի այդ հարաբերությունների մասին, երբ մայիսին մեկնել էր Չինաստան։

«Ոչ, ես այն ժամանակ դրա մասին չէի լսել, բայց շատերն են լսել, իսկ Ջենսենը կատեգորիկ հերքում է, որ իմացել է դրա մասին։ Ես այսօր հարցրեցի նրան, և նա ասաց, որ բացարձակապես ամենափոքր պատկերացումն անգամ չի ունեցել, որ այդ մարդը լրտես է եղել։ Եվ ես իսկապես հավատում եմ նրան»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Ավելի վաղ Nvidia-ի տնօրենների խորհուրդը հայտնել էր Հուանգի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին՝ ենթադրաբար ՉԺՀ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվող կնոջ հետ նրա հարաբերությունների պատճառով։ Ինքը՝ ընկերության ղեկավարը, էլեկտրոնային նամակում խոստովանել է կասկածյալի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին և ընդգծել, որ իր վրա է վերցնում իր գործողությունների ողջ պատասխանատվությունը։ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ զրպարտություն է համարում այն կնոջ՝ չինական հետախուզության օգտին աշխատելու մասին պնդումները, ում հետ կապեր է ունեցել Հուանգը։