Թուրքիայի տարածքի գրեթե 80%-ն անապատացման վտանգի տակ է. թուրք մասնագետ

09:40 • 17.06.20

Թուրքիայի տարածքի գրեթե 80%-ն անապատացման վտանգի տակ է: Այս մասին հունիսի 17-ին նշվող Երաշտի և անապատացման դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին հայտարարել է հողի էրոզիայի դեմ պայքարի, կանաչապատման և բնապահպանության խնդիրներով զբաղվող թուրքական «TEMA» հիմնադրամի նախագահ Դենիզ Աթաչը, գրում է Gazete Karınca պարբերականը:

Աթաչի խոսքով՝ Թուրքիայի տարածքի 53%-ը գտնվում է անապատացման միջին ռիսկային խմբում, իսկ 26%-ը` բարձր ռիսկային խմբում:

«Մեր երկրի տարածքի գրեթե 80%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ: Որոշ հողեր անապատացման բարձր ռիսկի խմբում են և կարող են անապատանալ ամենամոտ ժամանակներս: Վերջին 16 տարվա ընթացքում Թուրքիայում արդեն անապատացել է 3,5 միլիոն հեկտար հող»,-ասել է Աթաչը:

Հիմնադրամի ղեկավարը նշել է, որ նույն տեմպերով շարունակվելու դեպքում 2050 թվականին գյուղատնտեսության արդյունավետությունը կընկնի 40%-ով: Նա կոչ է արել երկրի յուրաքանչյուր բնակչի` հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց, քայլեր ձեռնարկել անապատացման դեմ:

ՄԱԿ-ն անապատացման դեմ պայքարի կոնվենցիան ընդունել է 1994 թվականի հունիսի 17-ին, ինչից հետո այդ օրը հայտարարվել է որպես Երաշտի և անապատացման դեմ պայքարի միջազգային օր: