Ռուսաստանում հայտնել են՝ երբ կսկսեն կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

23:26 • 17.06.20

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ հայրենական արտադրության մի քանի պատվաստանյութերի փորձարկումը կամավորների վրա կարող է սկսվել առաջիկա երկու շաբաթում:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին Պոպովան հայտարարել է Россия-1 հեռուստաալիքի եթերում:

«Վստահ եմ, որ առաջիկա երկու շաբաթում մի քանի պատվաստանյութեր կունենանք, որոնք կանցնեն կլինիկական փորձարկումների փուլ, այսինքն՝ կփորձարկվեն մարդկանց վրա»,- ասել է գերատեսչության ղեկավարը:

Նշենք, որ վերջինս հայտնել էր նաև, որ Ռուսաստանին ևս մեկ ամիս է անհրաժեշտ կորոնավիրուսով վարակման մեկօրյա նվազագույն ցուցանիշին հասնելու համար: