Ջիանի Բուքիքիոն ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի 2019 թվականի աշխատանքների վերաբերյալ ամենամյա զեկույցը

22:36 • 17.06.20

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Եվրոպայի խորհրդի անդամ և դիտորդ երկրների դեսպաններին ներկայացրել է Հանձնաժողովի 2019 թվականի կատարած աշխատանքների մասին ամենամյա զեկույցը:

«Այսօր դիմում եմ ձեզ անսովոր պայմաններում: Ձեր աշխատանքին խոչընդոտել է համավարակը: Մեզ համար իրավիճակն էլ ավելի բարդ է, քանի որ մեր անդամները Վենետիկի նստաշրջանին ժամանում են ավելի քան 60 երկրներից: Այդ պատճառով չենք կարողացել իրականացնել մեր մարտյան և հունիսյան նստաշրջանները Վենետիկում: Այս շաբաթվա նստաշրջանի ընթացքում մտադիր ենք 10 կարծիք ընդունել բավականին բարդ և զգայուն հարցերի շուրջ:

Այդ կարծիքները վերաբերում են լրատվամիջոցների վերաբերյալ օրենսդրությանը և սահմանադրական դատարանի դատավորների նշանակմանն Ալբանիայում, սահմանադրական դատարանի բարեփոխմանը և սահմանադրական կարգի տապալման հանցագործությանը Հայաստանում, քրեական դատավարության հատուկ հարցերին Կոսովոյում, փոքրամասնությունների լեզուների ուսուցմանը Լատվիայում, Մալթայի կառավարության առաջարկներին՝ ըստ 2018-ին մեր ընդունած կարծիքի խորհրդատվությունն իրականացնելու վերաբերյալ, դատական իշխանությանը վերաբերող սահմանադրական փոփոխություններին Մոլդովայում, սահմանադրության փոփոխությունների նախագծին Ռուսաստանում և Թուրքիայում ընտրված քաղաքապետերին կառավարության կողմից նշանակվածներով փոխարինելու հարցին»,- ասել է Բուքիքիոն:

Բուքիքիոն նշել է, որ աջակցում են Հայաստանին և Մոլդովային ժողովրդավարական համակարգերի վերաձևավորմանն ուղղված ջանքերում: «Գլխավոր մարտահրավերներից մեկը, որը հատկապես առնչվում է Հայաստանին, սակայն վերաբերում է նաև Մոլդովայի իշխանություններին, ճիշտ հավասարակշռություն գտնելն է մի կողմից ժողովրդի սպասումներն արդարացնելու և երկրում իրական փոփոխությունների հասնելու, մյուս կողմից՝ իրավական կայունության և օրենքի գերակայության չափանիշների պահպանման միջև: Հավասարակշռություն գտնելու գործընթացը պահանջում է հավատարմություն ԵԽ հռչակած արժեքներին: Մենք փորձում ենք օգնել իշխանություններին գտնելու ճիշտ հավասարակշռությունը»,- ասվում է հայտարարության մեջ:   

«Մեր կարծիքը Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ, որը պատրաստվել է Հայաստանի համար, կարևոր է շատ երկրների համար և Եվրոպայի խորհրդի տարբեր ծառայությունների միջև համագործակցության ևս մեկ օրինակ է»,- հայտարարության մեջ շեշտել է Բուքիքիոն: