Պերուի բնակչուհին երեք դստեր հետ ոտքով 560 կմ ճանապարհ է անցել կորոնավիրուսից «փրկվելու» համար (տեսանյութ, լուսանկար)
Պերուի բնակչուհի Մարիա Տամբոն 3 դստեր հետ ոտքով երկրի լեռնային ճանապարհներով 560 կիլոմետր ճանապարհ է անցել մայրաքաղաքից հայրենի գյուղ վերադառնալու համար՝ կորոնավիրուսից «փրկվելու» նպատակով, գրում է CNN-ը։ Նշվում է, որ նրա հայրենի գյուղում կորոնավիրուսի դեպքեր չկան:
40-ամյա բնակչուհին երեխաների հետ գյուղից մայրաքաղաք Լիմա էր տեղափոխվել մինչ կարանտինային ռեժիմի սահմանումը, որպեսզի 17-ամյա դուստրը կարողանա համալսարան ընդունվելուն պատրաստվել։
Սակայն ավելի ուշ Պերուում կորոնավիրուսի պատճառով կարանտինային ռեժիմ է սահմանվել, և սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը։ Տամբոն դուստրերի հետ Լիմայում գտնվող ոչ մեծ սենյակում է բնակվելիս եղել, սակայն ժամանակի ընթացքում հավաքած գումարը վերջացել է, և ընտանիքը որոշել է երկրի մյուս ծայրում գտնվող հայրենի գյուղ վերադառնալ։
«Հասկանում էի, թե ինչ վտանգի եմ ենթարկում երեխաներիս, սակայն այլ տարբերակ չունեի․ կա՛մ պետք է Լիմայի մեր սենյակում մահանայինք, կա՛մ ռիսկի դիմեինք և փորձեինք դուրս գալ այդտեղից»,- պատմել է Տամբոն։
Ընտանիքը 560 կիլոմետր է հաղթահարել։ Երբեմն սրտացավ վարորդները որոշակի տարածություն օգնել են հաղթահարել, սակայն ճանապարհի մեծ մասը կանայք ստիպված են եղել ոտքով անցնել։ Հայրենի գյուղ հասնելու համար ընտանիքից մի շաբաթ է պահանջվել։ Այժմ նրանք իրենց տանն են, սակայն ստիպված են երկու շաբաթով ինքնամեկուսանալ՝ COVID-19-ի տարածման վտանգի պատճառով։
Տեսանյութն՝ այստեղ:











