Բոլթոնը պնդում է, որ Թրամփը Սի Ցզինփինից օգնություն է խնդրել ընտրություններում հաղթելու համար, Վաշինգտոնը՝ հերքում

04:41 • 18.06.20

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր հեղինակած աղմկահարույց գրքում գրել է, թե Դոնալդ Թրամփը Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինից օգնություն է խնդրել ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններում հաղթելու համար, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Բոլթոնի գրքին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բոլթոնն իր գրքում ուշադրություն է հրավիրում 2019թ-ի հունիսին Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացված G-20 գագաթնաժողովի կուլիսներում Թրամփի և Չինաստանի ղեկավարի ունեցած հանդիպման վրա: Ըստ այդմ, Թրամփը չինացի իր գործընկերոջ հետ զրույցում ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրությունների թեմային է անդրադարձել՝ վկայակոչելով Չինաստանի տնտեսական հզոր ներուժը՝ ամերիկյան որոշ ընկերությունների վրա ազդելու հնարավորության տեսանկյունից և «աղաչել է Սի Ցզինփինին օգնել իրեն ընտրություններում հաղթելու հարցում»:

Բոլթոնը ենթադրում է, որ Թրամփը Չինաստանի ղեկավարին խնդրել է գնել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքը, որպեսզի ինքը կարողանա ընտրությունների ժամանակ աջակցություն ստանալ «ֆերմերային նահանգներից»:  Ըստ Բոլթոնի՝ Թրամփը շեշտել է ընտրությունների արդյունքների համար ֆերմերների և Չինաստանի կողմից սոյա և հացահատիկ գնելու կարևոր նշանակությունը:

Սրան ի պատասխան ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հերքել է Բոլթոնի հրապարակած տեղեկությունները, հայտնում է РИА Новости-ն: «Դա բացարձակապես սխալ է, չի եղել նման բան, ես այդ հանդիպմանը ներկա եմ եղել և չեմ հիշում, որ նման բան եղած լինի: Ես չեմ էլ հավատում, որ կարող է նման բան պատահել», - հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Բոլթոնին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չհրապարակելու՝ օրենքով սահմանված պարտավորությունը խախտելու համար: