Չինաստանը հայտարարել է, որ ույղուրներին ճնշելու համար պատժամիջոցների օրենքի պատճառով «պատասխան հարված կհասցնի» ԱՄՆ-ին
Չինաստանն ԱՄՆ-ին վճռական բողոք է հայտնել Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի մասին օրենքի ընդունման կապակցությամբ, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել չինացի պաշտոնյաների նկատմամբ ույղուրներին ճնշելու համար, ասված է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, գրում է ria.ru-ն։
«ԱՄՆ-ն ընդունել է «2020 թվականի ույղուրների իրավունքների վերաբերյալ քաղաքականության մասին» այսպես կոչված օրենքը, որը միտումնավոր վարկաբեկում է Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը, հարձակումներ է իրականացնում Սինցզյանում Չինաստանի կառավարության քաղաքականության վրա»,- ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Մենք ցանկանում ենք զգուշացնել ԱՄՆ-ին, որ Սինցզյանի գործերը բացառապես Չինաստանի ներքին գործն են, և ոչ մի օտարերկրյա միջամտություն չի հանդուրժվի»,- ասված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ «հակառակ դեպքում Չինաստանն անպայման վճռական հակազդեցություններ կընդունի, և դրանից բխող բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրելու է ամերիկյան կողմը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանում ույղուրների իրավունքների պաշտպանության մասին օրենք է ստորագրել, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել չինացի պաշտոնյաների նկատմամբ: Արևմտյան երկրները և տարբեր մարդասիրական կազմակերպությունները հաճախ են քննադատում Չինաստաննի իշխանությունների գործողությունները Սինցզյանի մահմեդական բնակչության նկատմամբ։










