«Չինաստանը մտադիր չէ միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին». Չինաստանը պատասխանել է Ջոն Բոլթոնի գրքում տեղ գտած աղմկահարույց հայտարարությանը
Չինաստանը, պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքում տեղ գտած աղմկահարույց հայտարարությանը, համաձայն որի Թրամփը վերընտրվելու համար դիմել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինին, այսօր հայտարարել է, որ մտադիր չէ միջամտել ամերիկյան ընտրություններին, գրում է Reuters-ը։
Բոլթոնի գրքում տեղ գտած հայտարարությանն ի պատասխան նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Չժաո Լիցզյանը։
Նրա խոսքով՝ Չինաստանը մտադիր չէ միջամտել ամերիկյան ընտրություններին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր հեղինակած աղմկահարույց գրքում գրել է, թե Դոնալդ Թրամփը Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինից օգնություն է խնդրել ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններում հաղթելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բոլթոնն իր գրքում ուշադրություն է հրավիրում 2019թ.-ի հունիսին Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացված G20 գագաթնաժողովի կուլիսներում Թրամփի և Չինաստանի ղեկավարի ունեցած հանդիպման վրա: Ըստ այդմ, Թրամփը չինացի իր գործընկերոջ հետ զրույցում ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրությունների թեմային է անդրադարձել՝ վկայակոչելով Չինաստանի տնտեսական հզոր ներուժը՝ ամերիկյան որոշ ընկերությունների վրա ազդելու հնարավորության տեսանկյունից, և «աղաչել է Սի Ցզինփինին օգնել իրեն ընտրություններում հաղթելու հարցում»:
Բոլթոնը ենթադրում է, որ Թրամփը Չինաստանի ղեկավարին խնդրել է գնել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքը, որպեսզի ինքը կարողանա ընտրությունների ժամանակ աջակցություն ստանալ «ֆերմերային նահանգներից»: Ըստ Բոլթոնի՝ Թրամփը շեշտել է ընտրությունների արդյունքների համար ֆերմերների և Չինաստանի կողմից սոյա և հացահատիկ գնելու կարևոր նշանակությունը։
Սրան ի պատասխան ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հերքել է Բոլթոնի հրապարակած տեղեկությունները՝ ասելով, որ «դա բացարձակապես սխալ է»։
Բոլթոնի «Սենյակը, որտեղ տեղի է ունեցել այդ ամենը. Սպիտակ տան հուշագրություններ» գիրքը լույս կտեսնի հաջորդ շաբաթ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Բոլթոնին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չհրապարակելու՝ օրենքով սահմանված պարտավորությունը խախտելու համար:










