Խորհրդարանը ներկայացնում է հանրության ավելի շատ շերտեր, քան՝ վարչապետը. ճիշտ կլինի Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների ընտրությունը կազմակերպել ԱԺ-ում. Գևորգ Գորգիսյան
Մենք խորհրդարանական երկիր ենք, և խորհրդարանը ներկայացնում է հանրության ավելի շատ շերտեր, քան՝ վարչապետը: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների ընտրության պրոցեսը կազմակերպել ԱԺ-ում կամ գոնե ԱԺ-ի կողմից ձևավորվող մրցութային հանձնաժողովի ընտրության կարգով: Այս մասին «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ այդպիսով ընտրությունը ներառական կլինի. «Հասարակության ավելի շատ շերտեր ներկայացնող անձինք կկարողանան գործընթացներին մասնակցել, որպեսզի կրկին մենք չունենաք մի կողմից, մի կենտրոնից, մի քաղաքական դրդապատճառներով ուղղորդված նշանակումներ և մոտեցումներ»։
Նա նշեց՝ խոսվում ենք 4-րդ իշխանության, դրա կայացման և այն խաղի կանոնների մասին, որոնք պետք է լինեն և որոնցով պետք է ուղղորդվել, բայց պետք է լինեն իրավակարգավորումներ: «Շատ խոսվեց քաղաքականացված մամուլի և լրատվության մասին, ամբողջ աշխարհում է այսպես, շատ բան չենք կարող անել, բայց պետությունը պետք է սահմանի այն նորմերը, որ թեկուզ, ունենալով քաղաքական ուղղվածություններ, ԶԼՄ-ներն անպայմանորեն պահպանեն համաչափությունը, օբյեկտիվությունը»,-ասաց նա ՝ նշելով, ոչ ոք ապահովագրված չէ, որ ինչ-որ մի պահի իր նկատմամբ մեդիաարշավ չի սկսվի:
««Լուսավոր Հայաստանը» շատ է հայտնվել նման գրոհների տիրությում, դրա համար ես կարևորում եմ, որ մենք անցնենք պատասխանատվության ինստիտուտի զարգացման քայլին, որն անչափ կարևոր է 4-րդ իշխանության կայացման համար, քանի որ այն, իրոք, պետք է պատասխանատու ոլորտ լինի, ինչպես իշխանության մյուս ճյուղերը»,-ասաց պատգամավորը:










