Որոշակի փորձեր և քայլեր եղել են, բայց դրանք ամբողջովին չեզոքացված են, այդ առումով հանգիստ ենք. ԱԽ քարտուղարը՝ անհատների կողմից հնարավոր հակապետական գործունեության մասին

13:37 • 18.06.20

Այս պահին այդ առումով մտահոգվելու որևէ կարիք չկա, ամբողջ պետական համակարգը և անվտանգության համակարգը արդյունավետ աշխատում է: Այս մասին նշեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ վտանգներ է տեսնում այսօր ներքաղաքական իրավիճակում, քանի որ նախկինում մտահոգություն կար, որ տարբեր անհատների, գործիչների կողմից հնարավոր են պետության անվտանգությանը հակասող խոսքեր և նույիսկ քայլեր:

«Իհարկե որոշակի փորձեր և քայլեր եղել են, բայց դրանք ամբողջովին չեզոքացված են և մենք այդ առումով հանգիստ ենք: Այս պահին միակ մտահոգությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է և ներքին կյանքում միակ սպառնալիքը, կարելի է ասել, դա է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ եք բացահայտել, ովքեր են եղել, ինչ վտանգ է սպառնացել, Արմեն Գրիգորյանը նշեց. «Այս պահին հիմնական խնդիրը ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է, մնացած մասով անվտանգության համակարգն ամբողջովին իրավիճակը վերահսկում է»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ընդդիմության որոշակի հատվածի ակտիվացումը եղել է միայն քրեական գործերով պայմանավորված: «Բնականաբար, քովիդը ահագին մեծ մարտահրավերներ է ստեղծել, բայց կառավարության հետ համատեղ բազմաթիվ աշխատանքներ են կատարվում, որպեսզի դա մինիմումի հասցվի․ ընդհանուր անվտանգության համակարգը, կարելի է ասել, արդյունավետ աշխատում է»,-ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նշեց, որ այս պահին ունենք սպառնալիք, քովիդը ամբողջավին վերացված չէ, իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է լինում, որ մեր վարակակիրների տվյալները հայտնվում են ադրբեջանցիների ձեռքում, կամ մահացածների տվյալները տարածվում են հայկական տիրույթում, նա պատասխանեց, որ տվյալների հայտնվելն այլ մարդկանց, կամ այլ պետության ձեռքում ուսումնասիրվում է և սպասում են բացահայտմանը: