Աշխատանքից ազատման դիմում չգրելու պատճառով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, տեղակալն ու օգնականը թաղապետարանում ծեծի են ենթարկել համակարգչային օպերատորին․ Shamshyan.com

18:55 • 18.06.20

Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վաչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում թաղապետարանի աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը և մանրամասնում, որ հունիսի 15-ին, մոտավորապես ժամը 17։00-ի սահմաններում Հ. Գրիգորյանի աշխատասենյակում թաղապետը, տեղակալն ու օգնականը ծեծի են ենթարկել 52-ամյա Գևորգ Պողոսյանին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ծեծի ընթացքում Գ. Պողոսյանը ընկել է գետնին և դա չի խանգարել ծեծողներին և շարունակել են հարվածել։ Պատճառը եղել է այն, որ Գ. Պողոսյանին, ով աշխատում է Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես համակարգչային օպերատոր, թաղապետն ու տեղակալը ասել են, որ նա պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն Գ. Պողոսյանը մերժել է առաջարկը, ինչից հետո պաշտոնյաները գործի են դրել բռունցքները։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի, տեղակալի և օգնականի կողմից թաղապետարանի աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով ոստիկանությունում նյութեր նախապատրաստվելու լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։