Կենսաթոշակ ստանալու նախագծով 70 տարեկան կենսաթոշակառուին ասում ենք՝ QR կոդով գյուղի բուտկայից գնում կատարի, 35 հազար կենսաթոշակ ստացողին ստիպելո՞ւ ենք վարկով սմարթֆոն գնի. Սրբուհի Գրիգորյան
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Պետական կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հիշեցնենք, որ այս նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը Կառավարության իսկ առաջարկով հետաձգվել էր, ԱԺ-ն դեմ էր քվեարկել փոփոխություններ անելու համար:
Հիմնական զեկույցով հանդես եկավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Վերջինս հիշեցրեց, որ խոսքը վերաբերվում է ԱԺ կանոնակարգ օրենքի 83-րդ հոդվածի համաձայն, երկրորդ ընթերցմամբ չընդունված և ԱԺ քվեարկությամբ առաջարկություններ ներկայացման փուլ վերադարձված նախագծի մասին:
«Այս ընթացքում քննարկումների արդյունքում եկանք այն եզրակցության, որ անհրաժեշտ է կենսաթոշակների ամբողջությամբ անկանխիկ գործընթացը վեց ամսով երկարաձգել: Առաջարկվել է առաջինից երկրորդ ընթերցում Կառավարության կողմից մի փոփոխություն, որը հնարավորություն է տալիս փոստային կապի ազգային օպերատորին ևս իրականացնել կենսաթոշակների անկանխիկ վճարում՝ համապատասխան հաշվարկային հաշվին վճարելու միջոցով»,- ասաց նա:
Նշենք, որ նախագիծը կենսաթոշակները անկանխիկ ստանալուն է վերաբերում:
ԼՀԿ-ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն ընդգծեց, որ այս նախագիծը առաջացնելու է խնդիրներ: «Այդ վեց ամսվա ժամանակային տեղափոխումը չի լուծելու ո՛չ բանկոմատների, ո՛չ էլ էլեկտրոնային կարգով վճարումներ անելու խնդիրը: Ո՞ր բանկը կարող է բանկոմատ տանել օրինակ 5 կամ տաս կենսաթոշակառու ունեցող համայնք»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ բիզնեսի տեսանկյունից էլ դա գայթակղիչ չի լինելու: «Մի շատ հետաքրքրիր առաջարկ է արվել այս ընթացքում: QR կոդով, սիրելի պատգամվորներ, մեզնից քանի՞սն է գնումներ կատարում Երևանում, այս նախագծով մենք 70 տարեկան պապիկին կամ տատիկին ասում ենք QR կոդով, որպես այլընտրանք, կարող ես ձեր գյուղի բուտկայից գնում կատարել կամ կանխիկացնել որոշ գումար, իսկ հարցրե՞լ ենք մեր կենսաթոշակառուներից քանիսը սմարթֆոն ունի: 35 հազար կենսաթոշակով մենք ստիպում ենք, որ տատիկը կամ պապիկը գնա և վարկով սմարթֆոն գնի: Այս նախագիծը, որը ձեր քվեարկությամբ օրենք է դառնալու, ավելի շատ խնդիրներ է առաջացնելու, քան խնդիրներ է լուծելու»,- ասաց նա:










