Բազմաթիվ զանգեր եմ ստանում, ասում են՝ մեզ ազատեք որոշակի հեռուստաալիքներից, ստիպված եմ լինում բացատրել, որ դա խոսքի ազատություն է, չի կարելի. Վահագն Թևոսյան
Կան կետեր, որոնք նախապես ներառվել էին նախագծում և հետո հանվել, խոսքը էթիկային է վերաբերում․ երբ մենք խոսում ենք մեդիայի մասին, լողում ենք երկու քարի արանքում՝ էթիկա և խոսքի ազազտություն, ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդրի լուծումը, հետագայում փոփոխություններ պատարստվո՞ւմ եք անել, թե ոչ: Մեդիայի մասին օրենքի քննարկմանը ժամանակ այս մասին հիմնական զեկուցող պատգամավոր Վահագն Թևոսյանից հետաքրքրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Վահագն Թևոսյանը նշեց, որ առնվազն խնդիր կա հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մեդիածառայությունների մասով: «Ինչո՞ւ, որովհետև եթե կոնցեպտուալ ենք նայում, ապա լիցենզիա ստացած, պետության կողմից երաշխավորված հեռուստաընկերությունը, երբ սպառողը միացնում է հեռուստացույցը և ալիքները տեսնում է, ասում է՝ սրանք պետության կողմից երաշխավրոված ալիքներ են, սրանք այն ալիքներն են, որ պետությունը ինձ երաշխիք է տալիս, որ ես նայեմ»,- ասաց նա:
Նա ասաց, որ բազմաթիվ զանգեր է ստանում: «Ես բազմաթիվ զանգեր եմ ստանում, ինձ ասում են՝ մեզ ազատեք որոշակի հեռուստաալիքներից, ես երկար ստիպված եմ լինում բացատրել, որ դա խոսքի ազատություն է, չի կարելի և այլն: Անխուսափելիորեն կանգնում ես խնդրի առաջ և հասկանում ես, որ դու որպես պետություն չես կարողանում այդ երաշխիքը տալ, որ երբ ալիքը միացնում են, հասկանան, որ պետության տված երաշխիքով այս ալիքից ստանալու են ինֆորմացիա այն ծավալով, որ ծավալով որ պետական քաղաքականությունն է ենթադրում, այդ թվում նաև խոսքի ազատության անսահմանափակության կտրվածքով»,- հայտարարեց նա:
Թևոսյանը նշեց՝ մի մոդել են մտածել, որը սակայն դեռ քննարկումների փուլում է, որտեղ «և գայլերն են կուշտ լինելու և գառները՝ ողջ»: «Բայց դրա մասին չեմ ուզում ծավալվել շատ, որովհետև դեռևս խորհդակցություների փուլում է: Ալիքներին ավելի շատ հնարավորություն ենք տալու, որ իրենք իերնց ինքնակարգավորումը կազմակերպեն, բայց դա փաստաթղթավորվի որոշակի մարմնի կողմից»,- նշեց նա:










