Թրամփը Վենեսուելա ներխուժելու գաղափարը «հրաշալի» էր համարում. բացահայտում է Բոլթոնի գիրքը

09:33 • 18.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հրաշալի» է համարում Վենեսուելա ներխուժելու գաղափարը, հայտնում է The Hill-ը՝ վկայակոչելով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գիրքը, որը պետք է հրատարակվի հաջորդ շաբաթ:

Բոլթոնի «Սենյակը, որտեղ տեղի է ունեցել այդ ամենը. Սպիտակ տան հուշագրություններ» գիրքում հեղինակն, ի թիվս մի շարք այլ բացահայտումների, նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը Վենեսուելա ներխուժումը «հիանալի» է որակել։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «եթե ցանկանար մտնել Վենեսուելա, նա դա գաղտնիք չէր պահի»:

Նշենք, որ Simon and Schuster հրատարակչական ընկերությունը հայտարարել է, որ գիրքն ընթերցողին կբացահայտնի Թրամփի «որոշումների ընդունման անկայուն, անկազմակերպ և հակասական ընթացքը»։
 
Գիրքը մանրամասներ է ներկայացնում Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Հյուսիսային Կորեայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ Թրամփի հարաբերությունների մասին։

«Սա գիրք է, որը Դոնալդ Թրամփը չի ցանկանա, որ ընթերցեք»,- ասել է հրատարակչական ընկերությունը։

Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունից հետո 2019 թվականի հունվարի 21-ին Վենեսուելայում լայնածավալ բողոքի ցույցեր էին սկսվել: Ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուաիդոն իրեն պետության ժամանակավոր ղեկավար հռչակեց, այնուհետև ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք արևմտյան երկրներ հայտարարեցին նրա իշխանությունը ճանաչելու մասին:

Վենեսուելայում Վաշինգտոնը դիվանագիտական ներկայացուցչություն չունի։ Ապրիլի վերջին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ աշխարհում ընդհանուր իրավիճակը պայմաններ է ստեղծում Վենեսուելայում փոփոխությունների համար, նա կարգադրել էր մշակել Կարակասում ԱՄՆ դեսպանատան աշխատանքի վերսկսման հարցը: