Շատ և անհասկանալի ալիքներ ունենալու փոխարեն, ունենալու ենք քիչ, բայց լավ ալիքներ. Վահագն Թևոսյան

12:20 • 18.06.20

Առաջին հերթին այս օրենքով կկանոնակարգվեն նրանք, որոնք չէին կանոնակարգվում: Այս մասին «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց օրենքի հեղինակներից, հիմնական զեկուցող պատգամավոր Վահագն Թևոսյանը, անդրադառնալով «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի խնդրանքին, ավելի մանրամասնել, թե օրենքն ինչն է կարգավորելու:

«Բոլոր կառույցները, բացառությամբ ինտերնետային կայքերի և յութուբյան ալքիների, և այդ կայքերի կողմից յութուբում հեռարձակվող կոնտենտի, ամբողջ կառույցները բերվել են կարգավորման դաշտ՝ ալֆայից մինչև օմեգա: Այսինքն՝ հենց ալիքը դրսից մտնում է ներս, կամ ինչ-որ մեկը սկսում է արտադրել մի բան, ոնց է տեղավորվում, որտեղ: Ես կարծում եմ, որ հարաբերությունների հստակեցումը, կանոնների հաստատումը, մոնոպոլիաների վերացումը և մրցակցային միջավայրի խթանումը, երբ հնարավորություն ես տալիս օրենքով որոշակի վերապահումներ ունենալ քո կոնկուրենտի մասով, արդյոք նա մրցակցային միջավայրին ճիշտ է վերաբերվում, արդյոք կանոներ չի խախտում, ապա այս ամենը խթանելու է, որ շատ ու անհասկանալի ալիքների փոխարեն մենք ունենանք քիչ, բայց լավ ալիքներ, նույնիսկ կարող է չքչանա էլ»,- ասաց Թևոսյանը:

Բովանդակության մասով էլ, Թևոսյանի խոսքով այն է, որ փորձելու են մոդել մուծել այս օրենքին, որ խոսքի ազատությունը մազ անգամ վտանգված չլինի, բայց նաև խոսքի ամենաթողությունը առնվազն հանրային մուլտիպլեքսում հնարավոր լինի սանձել, որովհետև չի կարելի, որ հանրային մուլտիպլեքսում ինչ-որ ալիքով հնչի, որ կորոնավիրուսը սուտ է, ժողովուրդ, դիմակ մի կրեք, ուղղակի չի կարելի նման բաներ: