Կարմիր գծերի համար տարեկան վճարում ենք 12 հազար դրամ, հիմա կարմիր գծերը քչացնում եք, փոխարենը արժեքը թողնում եք նույնը, որքանո՞վ է դա իրավաչափ. Նիկոլայ Բաղդասարյան

18:04 • 18.06.20

ԱԺ-ում կարմիր գծերի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանից հետաքրքրվեց, որ ինքը հիմա կարմիր գծերի համար 12 հազար դրամ է վճարել, որ Երևանի տարածքում այս պահին գործող կարմիր գծերի վրա կարողանա մեքենան կայանել, բայց և օրենքի նախագիծ է բերել, որի տրամաբանությունից ելնելով՝ այդ կարմիր գծերը քչանում են, ստացվում է՝ ինքը 12 հազար դրամ տվել է մի բան գնելու համար, բայց օրենքի ընդունումից հետո այդ ծառայությունը անչափ նվազում է, որքանո՞վ է այս օրենքը իրավաչափ:

Սիսակ Գաբրիլյանը պատասխանեց, որ մինչև երկրորդ ընթերցումը գա, այս օրենքը անցնի, արդեն տարեվերջ կլինի: «Վճարած գումարը, եթե վճարել եք 12 հազար դրամ, այստեղ խնդիր չեք ունենա ոչ տնտեսապես, ոչ իրավական, եթե անգամ դուք վճարել եք 10-ի համար, այդ 10-ը հիմա դառնում է 5 ձեր իրավական, սոցիալական վիճակը չի վատթարանում»,- ասաց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Բաղդասարյանն էլ հակադաձեց. «Եթե մեկ շիշ ջուրն արժի 12 հազար դրամ, հիմա դուք ասում եք՝ մենք քչացնում ենք հարյուր գրամը, բայց ևս 12 հազար դրամ պետք է վճարեք մյուս տարի, այսինքն ծառայության արժեքն ավելանում է: Դուք ծառայության ծավալը նվազեցնում եք, արժեքը թողնում եք նույնը»:

Գաբրիելյանը նորից նույն պատասխանը տվեց, թե մինչև տարեվերջ օրենքը չի մտնի ուժի մեջ, ու մարդիկ չեն տուժի:

Միջամտեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պարզաբանեց, որ պատգամավորը նկատի ունի, որ 12 վարչական շրջանի համար ինքը վճարում է մի գումար և ինքը նույն գումարը վճարելու է ընդամենը երկու վարչական շրջանի համար:

Գաբրիելյանն ասաց, եթե նկատի ունի պատգամավորը, որ անուղղակիորեն գնի բարձրացում է լինելու, ապա այո, կարող ենք ասել այդպես, բայց միևնույնն է՝ որպես այդպիսին մյուս վարչական շրջաններում այդպես լայնածավալ վերահսկողություն, վարչարարություն չի իրականացվում: