«Ֆեյք նյուզ»-ի տարածման դեմ պայքարելու համար պետք է պատժի մեխանիզմները պատշաճ լինեն, այլապես մնացած ամեն ինչը սահմանափակում է խոսքի ազատությունը. Գևորգ Գորգիսյան
Մենք խոսում ենք միայն հեռուստատեսությունների մասին, նրանք ի վերջո նշաձող սահմանողներն են և այդ խաղի կանոններով սկսում են խաղալ բոլորը, եթե մենք չենք ապահովում պատժի և պատասխանատվության կանչման մեխանիզմները, մենք անընդհատ ունենալու ենք մանիպուլյացիաներ: Այս մասին ԱԺ-ում Մեդիայի մասին օրենքի ընդունման հարցի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Նա շեշտեց՝ 7 տարին մեկ լիցենզավորմամբ կամ տարին մեկ զեկույցով ուղղակի չենք կարողանալու վերահսկել, դրանք իրավական հետևանք չեն ունենալու: «Չե՞ք կարծում, որ այստեղ կա ավելի խիստ գործիքակազմի անհրաժեշտություն, արդյոք քննարկվե՞լ է դա այս օրենքի նախագիծը կազմելիս»,- հարցրեց պատգամավորը:
Հիմնական զեկուցող պատգամավոր Վահագն Թևոսյանն էլ նշեց, որ Գորգիսյանի հարցը վերաբերում էր 7-րդ հոդվածին, որն ինքն արդեն նշել է, որ բեռնաթափել են էականորեն: «Այնտեղ մեծ ծավալի շարադրանք կար, որը իմ սուբյեկտիվ կարծիքով էլ էր որոշակիորեն էթիկայի կանոնների մեջ մտնում: Այսինքն՝ վտանգ կար, որ ինչ-որ կերպ խոսքի ազատությունը, եթե հանկարծ վատ մարդիկ ներգրվվեն հանձնաժողովում և իշխանության հորդորների կամ ընդդիմադիրների հորդորների նկատմամբ անտարբեր եղան, իրենք կարող են այս կետերը օգտագործել և փակել ալիքներ, դրա համար մենք հրաժարվեցինք»,- ասաց նա:
Թևոսյանը շեշտեց՝ ինչ-որ մոդել են մտածում, որ փորձեն ինքնակարգավորումը և կարգավորումը մոտեցնել իրար և այդ ամեն ինչն օրենքով սահմանել որպես համերաշխության պայմանագիր:
Գորգիսյանն էլ ընդգծեց. «Հիմա եթե Ձեր, իմ, մեզնից յուրաքանչյուրի մասին բացահայտ ապատեղեկատվություն է տարածվել, մենք կարող ենք դիմել դատարան: Առաջին հերթին պետք է ապացուցենք, որ մենք դրանից վիրավորվել ենք, հետո պետք է փորձենք ապացուցել, որ մենք ճիշտ ենք, հետո կարող ենք մինչև 2 մլն դրամի պատասախանատվության կանչել: Այսինքն՝ ցանկացած օլիգարխ կարող է բացել իր լրատվական կայքը, կամ նույն հեռուստատեսության ետևում կանգնած գումարներով, ով պատրաստ է ամիսը երկու մլն տրամադրել մեզնից յուրաքանչյուրի մասին հերյուրանք տարածելու համար, գնալ դատարաններ, դատարաններում էլ գործերը մի քանի ամիս կարող են տևել և ամեն օր սուտ լուր տարածել»:
Նրա խոսքով՝ մենք չունենք պատշաճ մեխանիզմ: «Ես պատժի մեխանզիմների մասին եմ խոսում, գրաքննության մասին չեմ խոսում: Ես խոսում եմ, որ եթե հանրային մարդու արժանատվությանը, պատվին վնաս է պատճառվել՝ սուտ լուրեր տարածելով, սույն անձնավորությունը կարողանա դատական ակտի միջոցով խիստ պատասխանտվության ենթարկի տվյալ լուր տարածողին, ես դա տեսնում եմ որպես միակ ճանապարհ ապատեղեկատվության դեմ պայքարում, որովհետև ցանկացած այլ բան գալիս է խոսքի ազատությունը սահմանափակելուն, սա նաև կլինի զսպաշապիկ այն բոլոր ալիքների և կայքերի համար, որոնք զբաղված են ֆեյք նյուզ տարածելով»,- նշեց նա:
Թևոսյանն էլ նշեց, թե 98 տոկոսով համաձայն է Գորգիսյանի հետ: «Խնդիրը հետևյալն է, որ ստանձնած պարտավորությունների շրջանակում լրատվամիջոցն ինքը կամ հստակ ձևակերպված գործողություններ պետք է անի կամ չանի, կամ դրանց արանքում գոյություն ունեցող լղոզված իրականությունը պիտի կարգավորի սեփական էթիկական նորմերով»,- ասաց նա:










