«Կառավարության գործողություններն ընդդեմ ձուկ որսացողների չեն». կառավարության որոշմամբ՝ կիրականացվի սիգ ձկնատեսակի փորձարարական որս

14:28 • 18.06.20

Այսօր կառավարությունն ընդունեց «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը, որով նախատեսվում է իրականացնել սիգ ձկնատեսակի փորձարարական որս մինչև հոկտեմբեր:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող` Վահե Ջիլավյանը նշեց, որ որս վերջին անգամ թույլ է տրվել 2004 թվականից: «Համաձայն գիտությունների ազգային ակադեմիայի տվյալների ուսումնասիրության՝ սիգ ձկնատեսակի ընդհանուր զանվածը կազմել է 2268 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը 667 տոննա»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այս որոշումը կայացվել է հանրության հետ քննարկման արդյունքում: «Մենք հայրենակիցներին ասում ենք՝ Սևանում, եթե սիգ կա, էլի իրենք են որսում, եթե չկա, իրենք են զրկվում եկամտի աղբյուրից: Կառավարության գործողությունները ոչ թե ընդդեմ ձուկ որսացողներից են, այլ շրջակա միջավայրի պաշտպանության և ի վերջո ձկան պաշարը իրենք են տնօրինելու»,-ասաց նա և կարևոր համարեց, որ Սևանում ձկնորսությամբ զբաղվող հայրենակիցներն իրենք դառնան սիգի պաշարի պաշտպանության առաջամարտիկ: