«Այ քեզ տխմար»․ Թրամփը, անդրադառնալով իր մասին սկանդալային գրքի հեղինակ Ջոն Բոլթոնին, վիրավորական արտահայտություններ է արել նրա հասցեին

12:19 • 18.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր օգտահաշվում գրառում է արել ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի մասին՝ նշելով, որ նա «չարացած հիմար է, որը միայն պատերազմել էր ցանկանում»։ Նա դա արել է ի պատասխան Ջոն Բոլթոնի՝ իր մասին «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը» սկանդալային գրքի հրատարակման ֆոնին: 

«Խելագար Ջոն Բոլթոնի «չափազանց ձանձրալի» (New York Times) գիրքը ստից ու կեղծ պատմություններից է կազմված։ Իմ մասին տպագիր հրատարակություններում միայն լավն էր խոսում, մինչև այն պահը, երբ հեռացրի նրան աշխատանքից։ Չար, ձանձրալի հիմար, որը միայն պատերազմել էր ցանկանում։ Ոչինչ չէր հասկանում, մերժվեց ու բարեհաջող հեռացվեց։ Այ քեզ տխմար»,- թվիթերյան իր էջում գրել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Բոլթոնը, գրքում գաղտնի տեղեկատվություն ներառելով, խախտում է օրենքը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Բոլթոնին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չհրապարակելու՝ օրենքով սահմանված պարտավորությունը խախտելու համար:

Երկրի արդարադատության նախարարությունը Simon & Schuste հրատարակչությունից պահանջում է կանգնեցնել գրքի հրատարակումը մինչև այն պահը, երբ Բոլթոնը դրանում առկա գաղտի տեղեկությունների վերաբերյալ համաձայնության կգա վարչակազմի հետ։ Նախարարությունը նաև պահանջում է դատարանից, որպեսզի արդեն տպված տարբերակաները վերացվեն, իսկ այդ տեղեկությունների արտահոսքը լրատվամիջոցներ՝ արգելվի։

Նշվում է, որ հայցի մասին տեղեկություններից հետո ԱՄՆ լրատվամիջոցների մոտ նախագահի մասին գրքից հատվածներ են հայտնվել, որոնցից մեկի համաձայն՝ Թրամփը հարցնում է, թե արդյոք Ֆինլանդիան Ռուսաստանի կազմում է, թե ոչ, մյուսում հայտարարում է, որ չի ցանկանում ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, Չինաստանի ղեկավարին ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու մասին խնդրանքով է դիմում, ինչը կարող է որպես հանցագործություն դիտարկվել։