Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից․ դատական նիստը կշարունակվի վաղը. (տեսանյութ)
23։03
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից և լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատական նիստը կշարունակվի վաղը։ Ծառուկյանը ևս մեկ անգամ նշեց, որ իր նկատմամբ ներկայացված մեղադրանքը շինծու է և ունի բացառապես քաղաքական ենթատեքստ։
«Ես ինչ նախկինում ասել, հիմա իմ ասածի տերն եմ: Ես իմ խոսքը պահում եմ` անկախ ճնշումներից, միևնույն է արդարությունն իր տեղն է ունենալու և սխալ որոշումներ կայացնողները լրաժեք պատասխան են տալու: Օրենքի առաջ բոլորը հավասար են»,- ասաց նա և հավելեց, որ այն փաստերը, որոնք ներկայացվում են չէին կարող իրավապահ մարմինների նշած ժամանակահատվածում հավաքվել և ներկայացվել:
Նա հավելեց, որ այն ինչ իշխանությունը խոստացել է, ոչինչ էլ չի կատարվել, երկիրն անդունդի մեջ է:
Դատական նիստը կշարունակվի վաղը՝ 10։30։
21.58
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ձերբակալումը: Այս մասին հայտնեց պատգամավորի փաստաբանը:
Փաստաբանը նշեց, որ գործը սկսվել է մեկ անձի վկայությունից, ըստ որի՝ Մանուկյանը ընտրակաշառք է բաժանել, որը Մանուկյանը հերքել է:
Մանրամասները՝ տեսանյութում։
21.09
Այս պահին քաղաքացիներ են բերման ենթարկվում: Ոստիկանները թույլ չեն տալիս լրագրողներին անցնել ոստիկաննական պատնեշը՝ պատճառաբանելով, թե կխանգարվի քաղաքացիների անցուդարձը:
Ոստիկանապետ Խուդինյանը լրագրողներին առաջ թողեց միայն այն ժամանակ, երբ ավարտվեցին քաղաքացիներին բերման ենթարկելու գործընթացները:
Ես այսօր կարող եմ ևս մեկ անգամ հաստատել, որ սա շինծու գործ է, որն իմ ելույթից հետո է եղել: Այսօր երկիրը պահվում է ֆեյքերով: Այս մասին այսօր դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ միջնորդության նիստը դեռ չի ավարտվել, դեռ քննվում է:
Ծառուկյանը հիշեցրեց, որ այս գործընթացը սկսվել է իր քաղաքական հայտարարությունից հետո, թե Կառավարությանը կազմը պետք է 100 տոկոսով փոխվի՝ տեսնելով երկրի ծայրահեղ վիճակը:
Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատարանը խորհդրակցական սենյակ է գնացել ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Ըստ փաստաբանի՝ չի ապահովվում այն երաշխիքը, որով դատավորի ընտրությունը պետք է պատահականության սկզբունքով լինի, սակայն դատարանը ընտրել է իր նախընտրած դատավորին:
Սարգսյանը շեշտեց, որ ողջամիտ ժամկետ են ուզել լիարժեք պաշտպանվել կարողանալու համար: «Այս պահին բուն կալանքի քննությանը դեռ չենք հասել: Դատարանի պատասխանը մոտ 2-3 ժամից կլինի»:
«Նիստից հետո ես այնպիսի աղաղակող փաստեր կներկայացնեմ, ըստ որոնց՝ ամեն ինչ մանրակրկիտ ծրագրված է եղել շատ ավելի վաղուց և Ծառուկյանի հայտարարությունից սկսած այդ թեման զարգացել է ժամ առ ժամ, օր առ օր: Իրենց ասած ապացույցները դեռ փետրվարից առկա են եղել, բայց դրանք հանցագործության համար բավարար չեն համարել, որովհետև այդպիսին չեն հանդիսանում, բայց հանկարծ 4 ամիս հետո նույն ապացույցը, պարզվում է, հանդիսանում է հանցանք»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց, որ միջնորդության քննարկումից առաջ չի կարող այլ բաներ ասել, դրանից հետո ժամանակ կունենա հարցերին պատասխանել:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։










