Նուրսուլթան Նազարբաևից հետո, կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Ղազախստանի փոխվարչապետի մոտ
Ղազախստանի փոխվարչապետ Երալը Տուգժանովը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կորոնավիրուսով է վարակվել․ հիվանդությունն իր մոտ որևէ ախտանշաններով չի արտահայտվում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստը դրական պատասխան է տվել։
Հայտնի է, որ COVID-19 է հաստատվել նաև երկրի առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի, խորհրդարանի Մաժիլիսի (ստորին պալատի) խոսնակ Նուրլան Նիգմատուլինի, պատգամավոր Բեքբոլաթ Տլեուխանի և նախագահի մամուլի քարտուղար Բերիք Կուրմանգալիի մոտ։
«Այնպես ստացվեց, որ ես էլ ստիպված եղա ինքնամեկուսանալ։ Ինչպես փորձեցի պաշտպանվել կորոնավիրուսից, չստացվեց։ Ինձ մոտ կորոնավիրուսային վարակի անախտանիշ տեսակն է։ Հետևում եմ բժիշկների բոլոր ցուցումներին, որպեսզի արագ ապաքինվեմ և աշխատանքի անցնեմ»,- նշել է Տուգժանովը։
Ղազախ ժողովրդին ուղղված իր ուղերձում փոխվարչապետը բոլորին կոչ է արել հետևել անվտանգության բոլոր միջոցառումներին՝ դիմակ կրել, ախտահանիչ միջոցներ օգտագործել, անընդհատ լվանալ ձեռքերը, հետևել հիգիենայի կանոններին։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ղազախստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 15,8 հազար դեպք, ավելի քան 9,9 հազարն արդեն ապաքինվել է։ Ընդհանուր գրանցվել է մահվան ելքով 100 դեպք։ Հանրապետությունում վերջին շրջանում ախտանշան չունեցող կորոնավիրուսային վարակակիրներին առանձին են հաշվում, այս մարդկանց թիվը երկրում հասել է ավելի քան 6,8 հազարի։










