«Վատագույն բռնկումը պատմության մեջ». Նիգերիայում խոզերի աֆրիկյան ժանտախտի զանգվածային դեպքերի ֆոնին մոտ 1 մլն խոզ է սպանդի ենթարկվել
Նիգերիայում խոզերի աֆրիկյան ժանտախտի զանգվածային դեպքերի ֆոնին երկրում հարյուր հազարավոր խոզերի սպանդ է իրականացվել, գրում է The Guardian-ը։
Հիվանդության բռնկումը սկսվել է տարեսկզբին՝ Լագոս քաղաքում և հարևան Օգուն նահանգի որոշ շրջաններում, սակայն այժմ տարածվել է երկրի շատ այլ շրջաններում:
The Guardian-ի զրուցակից գյուղատնտեսները հայտնել են, որ ներկայում գրեթե մեկ միլիոն խոզ է սպանվել:
Աղբյուրի տվյալներով՝ վիրուսը տարածվել է Նիգերիայի 36 նահանգներից ավելի քան մեկ քառորդում։
Թեև խոզերի աֆրիկյան ժանտախտը երկրում պարբերաբար հանդիպող հիվանդություն է, վերջին ալիքը, գյուղատնտեսների խոսքով, գերազանցում է երբևէ արձանագրված դեպքերը։
«Սա հիվանդության ամենասարսափելի և խոշոր բռնկումն է երկրի ամբողջ պատմության ընթացքում»,-հայտնել է զրուցակիցներից մեկը։
Խոզերի աֆրիկյան ժանտախտը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը թողնում է զգալի տնտեսական հետևանքներ՝ ազդելով երկրում խոզերի պոպուլյացիայի վրա։ Այն անվնաս է մարդու համար, սակայն խոզերի մահացությունը կազմում է գրեթե 100%․ ժանտախտի դեմ պատվաստանյութ գոյություն չունի։










