Հասարակական տրամադրություններով չի կարելի արդարադատություն իրականացնել, փաստաբանական հանրույթը Արսեն Նիկողոսյանին ճանաչում է որպես անկախ և արհեստավարժ դատավոր․ ՓՊ նախագահ

11:17 • 19.06.20

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը 2 մլրդ դրամով փոխարինած դատավոր Արսեն Նիկողոսյանին ուղղված ֆեյսբուքյան քննադատություններին։

Արա Զոհրաբյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Դատական համակարգը եռաստիճան է, որպեսզի հնարավոր դատական սխալները շտկվեն հերթական ատյաններում:

Հետևաբար, եթե դժգոհություն կա դատական ակտից, ապա պետք է ոչ թե դատավորին «ֆեյսբուքյան պատասխանատվության» ենթարկել, այլ սահմանված կարգով բողոքարկել դատական ակտը:

Ի վերջո դատավորն է այն հատուկ մասնագետը, որն ունի այդ գործը քննելու համար անհրաժեշտ հատուկ գիտելիքներ և հմտություններ:

Հասարակական տրամադրություններով չի կարելի արդարադատություն իրականացնել:

Մինչև այս պարզ կանոնը չհասկանանք ու չընդունենք, մեր հասարակությանը տարբեր ուժեր դեռ երկար ժամանակ են մոլորության մեջ պահելու:

Դատավոր Արսեն Նիկողոսյանին փաստաբանական հանրույթը ճանաչում է, որպես անկախ և արհեստավարժ դատավոր: Հետևաբար, նրա կայացրած որոշումը իր ներքին համոզմունքի դրսևորումն է: Եթե սխալվել է, ապա կա վճռաբեկ դատարան:

Պետք չի անկախ դատավորի տեսակը փոխել հասարակական տրամադրությունների դատավորով»: