Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ Սահմանադրական կարգի տապալումն այնպիսի ձևակերպմամբ, ինչպիսին կա ՀՀ-ում, նմանը չունի միջազգային փորձում. Ա. Վարդևանյան (տեսանյութ)

12:02 • 19.06.20

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Վարդևանյանը մամուլի ասուլիսին անդրադարձան Վերաքննիչ դատարանի որոշմանը և Վենետիկի Հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին վերաբերող հարցերին։

Նախ, խոսելով դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին, Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դա մեկ քայլ առաջ է այս պրոցեսում՝ գործի վերջնական լուծման տեսանկյունից:

Արամ Վարդևանյանը անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին, ասաց, որ նախկինում ևս իրենք խոսել են 300.1 հոդվածի ծայրահեղ անհասկանալի դրույթների մասին: «Վենետիկի հանձնաժողովը, ծանոթանալով այդ դրույթներին, արձանագրել է, որ դրանք այն աստիճան անորոշ են որ նույնիսկ գուցե թարգմանության խնդիր կա և առհասարակ դրանց չի անդրադարձել: Այսինքն, մենք խոսում ենք այդ աստիճան անորոշության մասին»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրել է ոչ միայն եվրոպական փորձը, այլ Կորեայում առկա փորձը և եկել է եզրահանգման, որ առհասարակ Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունները պարտադիր իրենց մեջ ունենում են բռնության կամ բռնության սպառնալիքի տար, իսկ այդպիսի ձևակերպում մենք չունենք 300.1 հոդվածում:

«Մենք ունենք փաստացի վերացում, իսկ դա ոչ միայն մեզ, այլ նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի չորս հեղինակավոր փորձագետների համար թվացյալ թարգմանության խնդիր է: Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է որ առհասարակ Սահմանադրական կարգի տապալումը այնպիսի ձևակերմամբ, ինչպիսին կա ՀՀ-ում, նմանը չկա միջազգային փորձում»,-ասաց նա:

Արամ Վարդևանյանը նշեց, որ այն, որ ՀՀ փորձը բացառիկ է այս առումով, այդ բացառիկը դրական չէ: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանին դիմել էին քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի ակնհայտ հակասահմանադրական բնույթի վերաբերյալ և հիմա արդեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստացել են և վարույթը վերսկսելու է:

Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ առ այսօր որևէ պաշտոնատար անձ չի կարողացել հոդվածի սահմանումը տալ, պարզաբանել:

«Չենք կարող կանխատեսել, թե ինչ որոշում է տալու Սահմանադրական դատարանը, սակայն այն պարագայում, եթե Սահմանադրական դատարանը ճանաչեց 300.1 հոդվածը Սահմանադրության հակասող, քրեական գործը անհապաղ, ժամ հետո ենթակա է կարճման»,-ասաց նա: