Դատարանների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու նպատակով ԲԴԽ-ն դատարանների նախագահներին հորդորում է հետևել աշխատանքային կարգապահությանը

14:48 • 19.06.20

Դատարանների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու նպատակով, ի թիվս այլ լուծումների՝ Բարձրագուն դատական խորհուրդը դատարանների նախագահներին հորդորում է հետևել աշխատանքային կարգապահությանը: Այս առիթով ԲԴԽ-ն դատարանների նախագահների հասցեագրված հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է.

«Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը լիազորությունների ստանձնման պահից առայսօր ձեռնամուխ է եղել Դատական իշխանության համակարգում առկա խնդիրների գույքագրման աշխատանքներին, որի ընթացքում, ի թիվս այլ ուսումնասիրությունների, կատարվել և հրապարակվել է ՀՀ-ում արդարադատության արդյունավետության համալիր բարձրացման Հայեցակարգը և ԲԴԽ գործունեության տարեկան Հաղորդումը: Հիշյալ փաստաթղթերում, ի թիվս Դատական իշխանության համակարգում առկա մի շարք այլ խնդիրների, մանրամասնությամբ ուսումնասիրության է ենթարկվել դատարաններում ձևավորված ծանրաբեռնվածության հիմնախնդիրը և դրա հիմքում ընկած հանգամանքները:

Կատարված ուսումնասիրությունների հիման վրա ձևակերպվել է ԲԴԽ՝ դատարաններում առկա ծանրաբեռնվածության խնդրի հաղթահարման և կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև մատնանշվել են առաջնահերթության կարգով ձեռնարկման ենթակա գործողությունների ռազմավարական ուղղությունները:

Դրանից բացի, հարկ է նշել, որ ԲԴԽ և Արդարադատության նախարարության միջև առկա արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել ԲԴԽ կողմից՝ այդ թվում վերը նշված ուսումնասիրությունների արդյունքում ձևակերպված անհրաժեշտ գործողություններն ընդգրկել ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 10-ի՝ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման մեջ:

Ներկայումս միջոցներ են ձեռնարկված նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ամբողջական ներդրման գաղափարի իրականացման հարցում: Ընդամենը վերջերս՝ 14.05.2020թ., Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-27-Ո-59 որոշմամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում փորձնական եղանակով ներդրվել է էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների՝ Ծրագրի միջոցով բաշխման գործընթացը:

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ ԲԴԽ-ն արձանագրում է այսօր ՀՀ դատարաններում առկա ծանրաբեռնվածության փաստը, և իր լիազորությունների շրջանակներում առկա ծանրաբեռնվածության հաղթահարման և կանխարգելման համար ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները, այդ թվում դիտարկելով՝ օրենսդրության կատարելագործման, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման, դատավորների թվաքանակի ավելացման, դատավորների տարեկան պարտադիր վերապատրաստման ծրագրերի արդյունավետության, դատավորների կողմից ժամանակի արդյունավետ կառավարման և այլ գործոնների հնարավոր ազդեցությունը՝ դատարանների ծանրաբեռնվածության թոթափման գործընթացում:

ԲԴԽ-ն կարևորում է նաև դատարաններում աշխատանքային կարգապահության պահանջը խստիվ պահպանելու անհրաժեշտությունը և գտնում է, որ դատարանների ծանրաբեռնվածության հաղթահարման գործընթացում ուսումնասիրության արժանի հարց է նաև հիշյալ պահանջի պահպանման պրակտիկան և դրա ազդեցության չափը՝ դատարանների ներկայիս ծանրաբեռնվածության վրա:

Հիմք ընդունելով վերոգրյալը և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ գլխի իրավակարգավորումները, ինչպես նաև հաշվի առնելով դատարանները ծանրաբեռնվածությունից օր առաջ բեռնաթափելու կարևորությունը և անհրաժեշտությունը, դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը լուծելու և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու հարցում ԲԴԽ-ին դատարանների նախագահների օժանդակելու պատրաստակամությունը՝ ԲԴԽ-ն դատարանների նախագահներին հորդորում է.

1) սույն հայտարարության հրապարակման պահից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ գլխի իրավակարգավորումներով դատարանների նախագահներին տրված գործիքակազմով ակտիվորեն ձեռնարկել միջոցներ դատավորների և դատարանների աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահությունը խստիվ պահպանելու ուղղությամբ (այդ թվում՝ ժամանակին աշխատավայր ներկայանալու և աշխատավայրից հեռանալու առումով),

2) դատավորների և դատարանների աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման վերաբերյալ տեղեկատվությունը և դրա վերաբերյալ դատարանի նախագահի դիրքորոշումը, յուրաքանչյուր ամսվա կտրվածքով, տրամադրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դրանք ուսումնասիրելու, ըստ անհրաժեշտության քննարկումներ կազմակերպելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»: