ԱԺ ներկայացված միջնորդության մեջ ձևակերպված արարքը էականորեն տարբերվում է դատարան ներկայացված արարքից. Գագիկ Ծառուկյանի պաշտպան
Մենք մի քանի խիստ կարևոր հանգամանքներ ենք արձանագրել դատարանում, որոնցից մեկն այն է, որ ԱԺ ներկայացված միջնորդության մեջ ձևակերպված արարքը խիստ էական տաբերություն ունի այն արարքից, որը ներկայցվել է դատարան, այլ ձևակերպումներով ստանում են համաձայնություն, բայց դատարան ներկայացնում են այլ ձևակերպումով արարք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
«Օրինակ՝ ԱԺ-ին ներկայցրել են, թե Գագիկ Ծառուկյանը խմբի կազմում անձամբ է կաշառք տվել ընտրողներին, իսկ դատարան ներկայացված միջնորդության մեջ ձևակերպումն այլ կերպ է՝ ղեկավարել է խումբ, որի շրջանակում տրվել է կաշառք»,- ասաց ն:
Նա նշեց, որ շատ կաևոր հարցադրում կա, որ եթե քրեական գործի հարուցում չկար, չկար ընտրակաշառքով հարուցված գործ, ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետի մամուլի խոսնակը հայտարարում է՝ մի շարք քրեական գործեր են առկա, այն էլ ընտրակաշառքների վերաբերյալ:
«Այդ հայտարարությունից հետո հարցաքննել են այն մարդուն, որ 4 ամիս առաջ հրաժարվել էր, նորից տվյալ չստացան ու քրեական գործը ստացան:Երբ նախաքննական տվյալները կհրապարակվեն, կտեսնեք, որ չի ներկայացվել գոնե մեկ փաստական տվյալ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անձի անձամբ կաշառք է տվել, կամ որևէ մեկին ասել է՝ գումար տվեք ընտրակաշառքի համար: Իսկ այսօր բերել են, ուզում են հիմնավորեն, որ Վարդենիսում մի քանի հոգի ընտրակաշառք են բաժանել: Ուզում են ասեն՝ դե եթե Վարդենիսում եղել է, ոնց կարող է ղեկավար կազմը դրա մասին չիմանա»,- ասաց նա:
Երեմ Սարգսյանն ընդգծեց՝ մեղադրանքի մեջ որևէ տեղ նշում չկա, որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին ասել է, որ տանեն ընտրակաշառք տան, նման որևէ ապացույց դատարան չի ներկայացվել, որ որևէ մեկին ասել է՝ տար, կաշառ տուր, որևէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ որևէ մեկին կաշառք է տվել և որևէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանն իմացել է, որ որևէ մեկին կաշառք են տալիս:
«Մնացած ամեն ինչը ենթադրություններ են, որ ոնց կարող է ԲՀԿ տարածքում կաշառք բաժանվի և ղեկավար կազմը չիմանա, Ծառուկյանը չիմանա, իսկ ենթադրությունների համար մարդ կալանավորելն աբսուրդ է»,- ասաց նա:
Պաշտպանը խորհուրդ տվեց նայել ԱԱԾ տեսանյութերը: «Երբ ապացույցներ են երևում դեպքի վայրից, իրենք թափանցիկ շղարշով պետք է փակեն, որ ապացույցները չերևան, նախաքննական գաղտնիք չհրապարակվի, այս դեպքում ժամեր շարունակ տևած խուզարկություններից երկու րոպեանոց տեսանյութ են հրապարակում, մոտիկ պլանով փաստաթղթերն են ցույց տալիս, ընդ որում՝ փաստաթղթեր, որտեղ ենթադրյալ պատգամավորներ ինչ-որ գրություններ ունեն: Հիմա, եթե որևէ մեկը կասի, որ սա հատուկ ԱԱԾ-ն չհրապարակեց ամսի 14-ին, որ ԱԺ-ում կարողանան իշխող ուժի պատգամավորները հարցադրումներ անեն և ֆոն ստեղծեն, այդ անձը թող դրա հիմնավորումը գտնի: Սա ասում եմ, որովհետև կալանքի կապը շատ միանշանակ է»,- ասաց նա և հավելեց, որ միանշանակ այս գործը քաղաքական բնույթ է կրում:
Նա տեղեկացրեց, որ որոշումը դատարանը կհրապարակի հունիսի 21-ին՝ ժամը 15:00-ին: «Դատարանը պետք է որոշի բավարարի թե մերժի կալանավորելու միջնորդությունը»,- նշեց նա:










