Կրճատվողները 50 տոկոսով կլինեն հսկիչներից, մոտ 700-800 հոգի. «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն

15:16 • 19.06.20

«Գազպրոմ Արմենիա»-ն հաշվարկել և ընկերության համար առաջարկել է 60.8 մլրդ դրամի մարժա: Գործող սակագնով փոխհատուցման չափը կազմում է 28.6 մլրդ դրամ: ՀԾԿՀ-ն առաջարկել է 47.6 մլրդ դրամ կամ այլ կերպ ասած՝ գազի՝ 266. 7 դոլար միջին սակագին: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

Նա անդրադարձավ նաև հանձնաժողովի հետ ունեցած տարաձայնություններին․

«Հանձնաժողովի տարաձայնությունը հիմնականում աշխատողների թվաքանակի հետ էր կապված, որը նորմատիվից 2000-ով պակաս է, իսկ փաստացիից 1000-ով է պակաս: Այսինքն, մենք պետք է 1000 աշխատող կրճատենք, նորմատիվից էլ 2000 պակասով էլ աշխատենք, որն իրենից բարդություններ է ներկայացնում և դրա հետ միասին ընթացիկ շահագործման հետ կապված հումք նյութերն են պակասում 50 տոկոսով՝ 8 մլրդից դարձել է 4 մլրդ»,- ասաց Հրանտ Թադևոսյանը:

Ինչ վերաբերում է կրճատումներին, Թադևոսյանն ասաց, որ ինքն ավել 1000 մարդ չի կարող պահել, իր խոսքով 1000 մարդ իր մոտ չի վճարվելու Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նշած տարիֆով՝ սկսած 2020 թվականի հուլիսի 19-ից:

«Այսինքն ես հենց հուլիսի 19-ին պետք է ունենամ 1000 հոգու կրճատում, որպեսզի ֆինանսական դիսցիպլինան (կարգապահությունը) չխախտեմ: Ովքեր են կրճատվելու: Այդ տարաձայություն- անհամաձայնությունը իմ և հանձնաժողովի հենց դրանում է, ես կարծում եմ , որ աշխատանքները պետք է ամբողջությամբ կատարվեն, նա ասում է՝ ոչ: Ես ասում եմ՝ խնդրում եմ, դուք միգուցե կարող եք ինձ խորհուրդ տալ, ես պատրաստ եմ բոլորիդ լսելու, ո՞ր հազար հոգուն կրճատեմ, որ ավելորդ են»,-ասաց Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենը:

Թադևոսյանի խոսքով, 2020 թվականի հուլիսի 19-ից պետք է գործի գազի նոր սակագինը՝ բոլորի համար, բացի ջերմային էլեկտրակայաններից, իսկ դրանց համար կգործի օգոստոսի մեկից:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, ելնելով այս խնդրից , մոտ 15 օր առաջ նամակ եմ ուղարկել Գազպրոմի ղեկավարությանը, իմ աշխատավարձը նվազեցնելու համար: Դա արել եմ նրա համար, որպեսզի ես զգամ այն բեռը, որը զգալու են բոլորը: Հիմա սպասում եմ պատասխանին: Մյուս 10 հոգին, որ էլի բարձր աշխատավարձ են ստանում, ես նվազեցնելու եմ՝ իմ հրամանով, թե ինչքան, ելնելով համապատասխան կարգից, գտնելով մեթոդ:

Մնացած աշխատողների մասով, բոլոր աշխատողներն էլ կունենան խնդիրներ: Առաջին մեծաքանակ կրճատումը, որը տեսնում եմ 1000-ի մեջ՝ դրանք հսկիչներն են: Այս որոշումն արդեն կայացվել է, ոչ թե ես եմ որոշել, այլ՝ ՀԾԿՀ-ն: Նրանց պարտականությունները կրճատվել է, և օրենքքով իրենց պահանջարկը չկա, դրա համար ենթադրում են, որ կրճատվողների բանակը 50 տոկոսով կլինեն հսկիչներից»,- ասաց Թադևոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ կարծում է որ 700-800 հոգի կկրճատվեն: