Վանաձորի թիվ 18 դպրոցի տնօրենն ընտրվել է մարզպետի հրահանգով, ընտրություններն անցել են ընտրակեղծիքով, և՛ դպրոցի անձնակազմը, և՛ ծնողները դեմ են. դպրոցի կառավարման խորհրդի քարտուղար
Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցած չորս թեկնածուներից երկուսը՝ Թագուհի Թադևոսյանն ու Գայանե Վարդանյանը հավասարաչափ՝ 4 կողմ ձայներ են ստացել և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ տնօրենի պաշտնում նշանակվել է Թագուհի Թադևոսյանը: Դպրոցի աշխատակիցները, ծնողներն այս որոշմանը համաձայն չեն, ասում են՝ փոխվարչապետի ընտրության մեջ դեր է խաղացել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որի միջնորդությամբ ընտրվել է իր նախընտրելի թեկնածուն:
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ դպրոցի կառավարման խորհրդի քարտուղար Արմենուհի Կոստանդյանից: Ըստ նրա՝ ընտրակեղծիքն այն է եղել, որ 4-4 հավասար ձայներ են հավաքել երկու թեկնածուներն էլ, դպրոցի խորհրդի անդամներից ուսուցիչները և ծնողներն ընտրել են Գայանե Վարդանյանին, իսկ մարզպետարանի նեկայացուցիչները՝ Թագուհի Թադևոսյանին: «Մենք Թագուհի Թադևոսյանի դեմ ոչինչ չունենք, բայց հարցն այն է, որ բոլորս էլ գիտենք՝ դպրոցի համար ներդրումներ, ջանք ունեցողը Գայանե Վարդանյանն է: Եթե դպրոցն իր թեկնածուն չունենար, գուցե Թադևոսյանին գրկաբաց ընդունեինք, բայց եթե դպրոցն ունի այնպիսի թեկնածու, որն արդարություն է մտցրել ամբողջ կոլեկտիվի մեջ, դպրոցի բյուջեն է կարգավորել, ձգտել դպրոցի բարօրությանը, բայց վերջում դատարկաձեռն մնա, արդարացի չէ»:
Նրա ներկայացմամբ՝ մարզպետարանի ներկայացուցիչները եկել են, ոչ մի թեկնածուի չեն լսել, ծրագրերին չեն ծանոթացել: «Հեռախոսներով խաղացին, իրենց թեկնածուին ընտրեցին, մարզպետի պարտքը կատարեցին ու գնացին: Չեմ կարող ասել, որ Թագուհի Թադևոսյանը բարեկամական կապ է ունեցել մարզպետի հետ, բայց մենք դեռ մի քանի ամիս առաջ գիտեինք, որ մարզպետի թեկնածուն Թագուհին է, նրա ծրագրերն անգամ դպրոց չէին բերվել: Ոչինչ չեմ ասում իր մասին, գուցե խելացի աղջիկ է, բայց համայնքն իրեն չի ընդունելու»:
Արմենուհի Կոստանդյանը նշեց, որ այսօր դեռ վաղ առավոտից ծնողներն են զանգել, առաջարկել են դպրոցի դիմաց հավաքվել, սակայն թույլ չեն տվել՝ արտակարգ դրության պայմանները չխախտելու համար: «Պետք է հարգենք իրավիճակը, ոչ ոք մեղավոր չէ, որ մարզպետը նման ծրագիր է ունեցել: Մեզ ասում էին, ձեր մի ձայնն էլ տվել Թագուհի Թադևոսյանին, որ հարցը չհասնի փոխվարչապետին, քանի որ երկու փուլերի ընթացքում էլ քվեները բաշխվել են հավասար՝ 4-4, բայց մենք չենք համաձայվել, քանի որ Գայանե Վարդանյանին ենք աջակցենք, մենք ենք նրան համոզել, որ մասնակցի ընտրությանը»:
«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքերից մեկում նշել էր, որ եթե ձայները հավասար են լինում, ապա պետք է հավանություն տալ այն թեկնածուին, որին համաձայն են ծնողական և ուսուցչական խոհուրդները, բայց այս դեպքում մեր կարծիքը ոտնահարվում է: Ավինյանն է որոշել, հիմա նա պարե՞տ է, թե դպրոցների հարցերով է զբաղվում, նա երևի նույնիսկ դպրոցի տեղը չգիտի»,- ասաց դպրոցի կառավարման խորհդի քարտուղարը:
Հետագա գործողությունների վերաբերյալ Արմենուհի Կոստանդյանն ասաց, որ առաջին քայլը լինելու է այն, որ չթողնեն ծնողներն այս իրավիճակում բողոքի ակցիաներ իրականացնեն դպրոցի դիմաց: «Բողոքներ, խնդրանք, պահանջ ենք ներկայացրել և՛ նախարարին, և՛ փոխվարչապետին, և՛ վարչապետին, որոնք ասել են՝ ստացել ենք ձեր նամակը, իսկ հետո գրել են՝ աշխատանքն ավարտված է: Ցավալի էր, սպասում էինք, որ վարչապետը մեր օգտին որոշում կկայացնի»:










