Անկախ դատավորին ճնշել հնարավոր չէ, նրանք իրենց կյանքով են ապացուցել, որ սկզբունքային են և միայն օրենքով են ղեկավարվում. Լուսինե Սահակյան

13:46 • 19.06.20

Իշխանությունների համար կարևոր չէ՝ դատավորը անկախ և օրինաչափ է գործում, թե՝ ոչ : Նրանց համար կարևոր է, որ դատավորը ենթարկվի իրենց և այն, ինչ երեկվանից տեսնում ենք սոցցանցերում դատավոր Արսեն Նիկողոսյանի դեմ, շատ սպասելի էր. Tert.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Փաստաբանի խոսքով՝ իշխանությունները թեև հայտարարում են, որ ամեն ինչ անում են անկախ դատական համակարգ ունենալու համար, սակայն իրենց գործողությունները ճիշտ հակառակի մասին են խոսում և ապացուցում.

«Այն դատավորները, որոնք անկախ են, միևնույնն է, շարունակելու են անկախ գործել և նման հայտարարություններով և հարձակումներով նրանց հնարավոր չէ վախեցնել և ճնշել: Ես հույս ունեմ, որ այս ամենը կհանգեցնի նրան, որ նույնիսկ տատանվող դատավորներն իրենց մեջ տղամարդկություն կգտնեն անկախ լինել: Բնականաբար սոցցանցերում իրականացվող գործողությունները դատավորների դեմ նորություն չէ: Իշխանությունների և կողմնակիցների կողմից այս ամենը սկսվել է բոլոր այն դատավորների դեմ, ովքեր իրենց անկախ են պահում և փորձում են հասկացնել իշխանություններին, որ որևէ ազդեցություն չեն կարող ունենալ իրենց վրա: Անկախ դատավորին ճնշել հնարավոր չէ, նրանք իրենց կյանքով են ապացուցել, որ իրենք սկզբունքային են և միայն օրենքով են ղեկավարվում»:

Փաստաբանի կարծիքով, եթե իշխանությունը ուզենար օրենքով գործել, ապա դատավորները նման հոգեբանական ճնշումներից պաշտպանված կլինեին և շատերը ենթարկված կլինեին պատասխանատվության.

«Օրինակ, դատավոր Ալեքսանդր Ազարյանի պարագայում, շատ ավելի մեծ հարձակումներ եղան, քանի որ իշխանության սկզբի տարիներն էին և հանրությունը շատ ավելի էր պաշտպանում, իսկ այժմ այդպես չէ: Մնացել են իրենց ֆեյքերով և կերակրատաշտին մոտ գտնվող անձանցով, և բնականաբար հանրության մի զանգվածով, որ չեն հասկանում, թե իրենց գործողություններով ինչ հետևանքներ կարող են առաջացնել: Գնալով իրավիճակը փոխվում է, և հիվանդացած հանրությունը փորձում է առողջանալ»:

Անդրադառնալով երեկ սոցցացերով տարածված իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, նրա երեխայի և դատավոր Արսեն Նիկողոսյանի նկարին՝ փաստաբանը նշեց, որ Ռուբեն Մելիքյանը թիրախում է գտնվում, քանի որ մշտապես բարձրաձայնում է, երբ նկատում է իրավունքի ոտնահարման խնդիրներ.

«Ցավոք սրտի, ՀՀ -ում այն իրավապաշտպաններն, որոնք իրենց իրավապաշտպան էին համարում, իրենց դերը չեն կատարում: Շատ քչերն են մնացել, որ իրենց դերը կատարում են, նրանց թվում Ռ. Մելիքյանն է, որ բարձրաձայնում է իրավունքի խախտումները և հետևողական կանգնում է իրավունքի ոտնահարման յուրաքանչյուր դեպքի կողքին: Բնական է, որ նրան էլ պիտի թիրախավորեին: Սա վատ է, բայց նման գործելաոճը առաջացնում է պրոցեսներ, որ իշխանությունները հեռանան»: