Թուրքիայում դատարանն ազատազրկել է քուրդ երգչին` իր երգերում և տեսահոլովակներում «արգելված կազմակերպության» քարոզչությունն անելու մեղադրանքով (տեսանյութ)
Դիարբեքիրի 8-րդ դատարանն ազգությամբ քուրդ երգիչ Ազադ Բեդրանին դատապարտել է 3 տարի 9 ամսվա ազատազրկման՝ իր երգերում և տեսահոլովակներում Թուրքիայում «արգելված կազմակերպության» (նկատի ունեն Քրդական բանվորական կուսակցությունը` PKK) քարոզն անելու համար: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:
Գործը քննվել է Դիարբեքիրի կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության հետ համատեղ: Դատական նիստին Բեդրանը ներկա չի եղել, նրա շահերը ներկայացրել է փաստաբան Սորան Հալդի Մըզրաքը:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ յութուբյան ալիքում տեղադրված Բեդրանի «Պարտիզան» երգում և այն երգերում, որոնք նա կատարել է կայարանի մոտակայքում հավաքված ժողովրդի համար, պարունակվում են «արգելված կազմակերպության քարոզչության տարրեր»: Նշվել է, որ քարոզչությունը Բեդրանի կողմից արվել է մեկից ավելի անգամ, և նրա համար մեղադրող կողմը խիստ պատիժ է պահանջել:
Փաստաբան Մըզրաքը նշել է, որ իր պաշտպանյալի հրապարակած տեսանյութերի ու երգերի մեջ բավարար ապացույցներ չկան նման մեղադրանք առաջադրելու համար:
Դատարանն ի վերջո որոշել է երգչին դատապարտել 3 տարի 9 ամսվա ազատազրկման` «արգելված կազմակերպության քարոզն անելու» համար` «հաշվի առնելով հանցագործության կատարման ձևն ու դրանից առաջացող հնարավոր հետևանքները»:
Փաստաբանը տեղեկացրել է, որ իրենք մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը:










