«Չնայած վատ եղանակին` տրամադրությունը տոնական էր». Մարշալ Բաղրամյանի թոռնուհին պատմել է 1945 թվականի Հաղթանակի զորահանդեսի մասին (լուսանկար)
1945 թվականի հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված Հաղթանակի զորահանդեսի ժամանակ տեղացած հորդառատ անձրևը չի կարողացել փչացնել զորահանդեսի մասնակիցների և դիտողների տոնական տրամադրությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը պատմել է խորհրդային նշանավոր զորահրամանատար, հայազգի մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռնուհին` Կարինե Նաջարովան:
Բաղրամյանը Հաղթանակի զորահանդեսի ժամանակ գլխավորել է Մերձբալթյան 1-ին ռազմաճակատի համակցված գունդը:
«Զորահանդեսին պապիկը վաղ առավոտյան էր գնացել, իսկ տատիկը մայրիկի հետ տեղ էր զբաղեցրել հյուրերի տրիբունայում: Նրանք պատմել են, որ չնայած վատ եղանակին` տրամադրությունը տոնական էր: Եվ չնայած հորդառատ անձրև էր գալիս` Կարմիր հրապարակը լցված էր մարդկանցով»,-պատմել է Նաջարովան:
«Հաղթանակի օրը մեր ընտանիքի ամենակարևոր տոնն էր»,-խոստովանել է Բաղրամյանի թոռնուհին: Նրա խոսքով` այդ արարողությունը մի մեծ սեղանի շուրջ էր հավաքում ընտանիքի բոլոր սերունդներին:
«Ինչպես բոլոր առաջնագծայինները, պապիկը սրտի թրթիռով էր վերաբերում այդ օրվան. նախապես պատրաստվում էր, անթերի տեսքի էր բերում զորահանդեսային համազգեստը, մեդալներն ու շքանշանները: Իմ ու եղբորս համար մեծ պատիվ էր ուղեկցել նրան Կարմիր հրապարակ` զորահանդեսի: Դա մանկական ամենավառ հիշողություններից է»,-հիշել է Նաջարովան:
1945 թվականի հունիսի 24-ի զորահանդեսը տևել է 2 ժամ (122 րոպե) և անցել է հորդառատ անձրևի տակ: Զորահանդեսին մասնակցել է 24 մարշալ, 249 գեներալ, 2536 սպա, 31 116 սերժանտ և զինվոր:












