Ֆինլանդիան ՌԴ-ի մի մասն է, Վենեսուելա ներխուժելը զիլ կլինի, բռնապետերին կարելի է «լավություն անել». Բոլթոնի 8 ամենաաղմկահարույց բացահայտումները Թրամփի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր նոր աղմկահարույց գրքում մի շարք ուշագրավ բացահայտումներ է արել Թրամփի մասին:
«Սենյակը, որտեղ դա կատարվել է» (The Room Where It Happened) վերնագրով գիրքը հրատարակվելու է հաջորդ շաբաթ, սակայն մի շարք առաջատար ամերիկյան լրատվամիջոցներ` New York Times-ը, Washington Post-ը և Wall Street Journal-ը, գրքից որոշ հատվածներ են հրապարակել: Սպիտակ տունը համապատասխան հայց է ներկայացրել գրքի հրատարակումն արգելելու նպատակով:
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն առանձնացրել է Բոլթոնի աղմկահարույց պնդումներից ութը, որոնք ներկայացված են ստորև:
1. Թրամփը Չինաստանին խնդրել է օգնել հաղթել 2020թ. կայանալիք ընտրություններում
Ըստ գրքի՝ Թրամփը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին խնդրել է այդ նպատակով կիրառել Չինաստանի ունեցած տնտեսական հզորությունը:
«Նրանք երկուսով քննարկում էին ԱՄՆ-ում Չինաստանի դեմ թշնամանքը: Հանկարծ Թրամփը զարմանալիորեն փոխեց զրույցի թեման՝ անցում կատարելով ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին, ակնարկ անելով Չինաստանի տնտեսական ներուժին և Սիին խնդրելով երաշխավորել իր հաղթանակը: Թրամփն ընդգծել է ընտրության արդյունքների վրա Չինաստանի կողմից սոյայի հատիկների և ցորենի գնման ծավալների մեծացման կարևորությունը»,-գրել է Բոլթոնը:
2. Թրամփը դեմ չէր երկու ժամկետից ավելի նախագահի պաշտոնում ծառայելուն
Ըստ գրքի՝ Թրամփը հավանություն էր տալիս Սի Ծինփինի՝ նախագահական ժամկետների սահմանափակումները վերացնելու գաղափարին:
«Սին ասաց, որ կցանկանար Թրամփի հետ աշխատել ևս վեց տարի, և Թրամփը պատասխանեց, որ մարդկանց կարծիքով՝ իր համար նախագահական երկու ժամկետի սահմանադրական սահմանափակումը պետք է վերացվի: Սին պատասխանեց, որ ինքը չէր ցանկանա Թրամփից բաժանվել, ինչին երկրորդն ի նշան հավանության գլխով է արել»,-գրված է գրքում:
3. Թրամփն առաջարկում էր «լավություն անել» բռնապետ առաջնորդներին
Թրամփն առաջարկել է հօգուտ բռնապետ առաջնորդների փակել քրեական հետաքննությունները: Այդպիսի բան է տեղի ունեցել 2018թ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ժամանակ: Ըստ Բոլթոնի՝ այն ժամանակ մի թուրքական ընկերության դեմ ԱՄՆ-ում հետաքննություն էր ընթանում, սակայն ընկերությունն անմեղ էր:
«Հետո Թրամփն Էրդողանին ասաց, որ կարող է հոգ տանել ամեն ինչի մասին՝ բացատրելով, որ հարավային շրջանի դատախազներն իր մարդիկ չեն, այլ Օբամայինը, սակայն խնդիրը կարելի է լուծել, երբ նրանք փոխարինվեն իր մարդկանցով»,-գրել է Բոլթոնը:
4. Թրամփը Սի Ծինփինին գովում էր «համակենտրոնացման ճամբարների» կառուցման և դրանցում մուսուլման ույղուրներին պահելու համար
«Թրամփն ասաց Սիին, որ նա պետք է շարունակի ճամբարների կառուցումը, ինչն ըստ իրեն՝ շատ ճիշտ բան էր»,-գրել է Բոլթոնը:
5. Թրամփը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին պաշտպանել է դստեր շուրջ սկանդալը ցրելու համար

2018թ. Թրամփը կրկին հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ, անդրադառնալով ընդդիմադիր Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանությանը, պաշտպանեց սպանության համար կասկածվող թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանին՝ հավելելով, որ վերջինս կարող է լինել և՛ մեղավոր, և՛ անմեղ: Բոլթոնի պնդմամբ՝ նախագահի նպատակն էր իր հայտարարությամբ շեղել մեդիայի ուշադրությունն իր ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի շուրջ հասունացող սկանդալից: Հայտնի է, որ Իվանկան պետական գործերի համար օգտագործել էր անձնական էլեկտրոնային փոստը, ինչի մասին հրապարակումներ էին արել լրատվամիջոցները: Ուստի՝ Թրամփը, որը 2016թ. նախագահի աթոռի համար մրցում էր Հիլարի Քլինթոնի հետ ու նրան քննադատում պետական գործերում անձնական էլ. փոստի կիրառման համար, համարում էր, որ հանրությանը շեղելու կարիք կա:
«Սա կշեղի ուշադրությունն Իվանկայից: Եթե անձամբ անեմ այդ հայտարարությունը, ապա դա կշեղի Իվանկայի թեմայից»,-ասել էր Թրամփը:
6. Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մեջքի հետևում ծաղրում են նրան

Ըստ Բոլթոնի՝ 2018թ. ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպումից հետո պետքարտուղար Մայք Պոմպեոն Թրամփին գրություն է ուղարկել հետևյալ բովանդակությամբ. «Նա կեղտի կտոր է»: Այնուհետև՝ մեկ ամիս անց, Պոմպեոն ասել է, որ Թրամփի՝ Հյուսիսային Կորեայի դեպքում գործադրած դիվանագիտական ջանքերը հաջողությամբ պսակվելու զրոյական շանսեր ունեն:
7. Թրամփը մտածում էր, որ Ֆինլանդիան Ռուսաստանի մի մասն է
Ըստ Բոլթոնի` Թրամփը տարրական գիտելիքներ չուներ մի շարք երկրների վերաբերյալ: Օրինակ՝ նա Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյին մի առիթով հարցրել էր՝ արդյոք Միացյալ Թագավորությունը միջուկային տերություն է: Մի անգամ էլ նախագահը հարցրել է՝ արդյոք Ֆինլանդիան Ռուսաստանի մասն է: Բացի այդ, նա անընդհատ շփոթել է Աֆղանստանի նախկին և գործող նախագահներին:
8. Թրամփը համարում էր, որ Վենեսուելա ներխուժելը զիլ կլիներ
Ըստ Բոլթոնի՝ ԱՄՆ նախագահը համարում էր, որ լատինամերիկյան պետությունն իրականում Միացյալ Նահանգների մասն է:










