Ֆիննական ծոցում 6 դելֆինից կազմված խումբ են նկատել
Ֆիննական ծոցում՝ Սանկտ Պետերբուրգից մոտ 65 կիլոմետր հեռավորության վրա, 6 դելֆինից կազմված խումբ են նկատել, հայտնում է korrespondent.net կայքը՝ հղում տալով «Բալթյան փոկերի ընկերների հիմնադրամի» հայտարարությանը։
«Պարզվում է, որ այս տարվա հունիսի 14-ին Պրիվետնենսկոյե գյուղի լողափից մոտ 100-300 մետր հեռավորության վրա (գրեթե Սանկտ Պետերբուրգ քաղաքի սահմանին) 6 դելֆինից բաղկացած խումբ են նկատել»,- ասվում է կենդանապաշտպանների հաղորդագրության մեջ։
Ենթադրվում է, որ հենց այս դելֆինների խմբին են մի քանի օր առաջ լուսանկարել ֆիննական Լովիյսա քաղաքի մոտակայքում։
Կենդանաբանները հավելել են, որ Ֆիննական ծոցում դելֆիններ 1935 թվականից ի վեր չէին տեսել։
«1935 թվականի հենց հունիսի 14-ին սպիտակ դնչով մի դելֆին է սատկել Ռեպինո գյուղի մոտակայքում»,- հայտնել են նրանք:










