«Վրացական մաքսային հանցախմբերը փող են շորթում մեր վարորդներից». թուրք ընդդիմադիր պատգամավորը հայտնել է, որ սահմանին վրացի մաքսավորները թուրք վարորդներին տուգանում են 1000-2000 դոլարով

15:56 • 19.06.20

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Ահմեթ Քայան հայտարարել է, որ Վրաստանի տարածքով Ռուսաստան և Ղազախստան բեռնափոխադրումներ իրականացնող թուրք վարորդները վրացական անցակետերում տուգանվում են 1000-ից 2000 դոլարով: Այս մասին գրում է netgazeti.ge կայքը:

Ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը զբաղվել այս հարցով:

Նրա խոսքով` ներկա իրավիճակում նման տուգանքները դժվար իրավիճակի մեջ են դնում բեռնափոխադրող ընկերություններին:

«Եթե նրանք չվճարեն տուգանքը 10-15 օրվա ընթացքում, մեքենաները կտեղափոխվեն կարմիր գծերի տարածք` իբր ստուգման: Եթե վճարեն, այդ գումարը կպահվի վարորդի աշխատավարձից: Նման դեպքերում ընկերությունները հսկայական վնասներ են կրում»,-ասել է Քայան:

Պատգամավորը լրագրողներին տեսաձայնագրություն է ցույց տվել, որում թուրքական ընկերության վարորդից մաքսավորը 1000 դոլար է պահանջում:

«Եթե բեռ եք տեղափոխում` 1200 դոլար»,-ասված է տեսաձայնագրության մեջ:

Պատգամավորը վրացի մաքսավորներին հանցագործ է անվանել:

«Վրացական մաքսային հանցախմբերը փող են շորթում Վրաստանի տարածքով Ռուսաստան և Ղազախստան ուղևորվող թուրք վարորդներից: Քանի որ ոչ ոք չի ցանկանում 1000-ից 2000 դոլար վճարել, նրանք պահանջում են բեռնաթափել մեքենաները` իբր ստուգման համար: Այդպիսով՝ նրանք ուզում են վախեցնել մեր վարորդներին: Մենք կառավարությանը կոչ ենք անում ուշադրություն դարձնել այս իրողության վրա»,-ասել է Ահմեթ Քայան:

Վրաստանի մաքսային ծառայությունը դեռևս չի մեկնաբանել այս լուրերը: