«Այլևս չկա այնպիսի հաշիվ, որը չենք կարող վճարել». ամերիկացի զույգը շահել է Mega Millions-ի 410 մլն դոլար ջեքփոթը

10:56 • 19.06.20

ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի արվարձաններից մեկում բնակվող ամուսինները շահել են հանրահայտ Mega Millions վիճակախաղի 410 մլն դոլար ջեքփոթը: Նրանք նշել են, որ հաջողակ տոմսը գնել են տեղի խանութներից մեկից: Խաղարկությունը տեղի է ունեցել հունիսի իննին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, սա առաջին դեպքն է, երբ տվյալ վիճակախաղի ջեքփոթը շահում են Արիզոնայում: Բացի այդ, սա այս տարվա ամենախոշոր շահումն է:

Ինչ վերաբերում է հաջողակ զույգին, ապա 70-ամյա ամուսինն ու նրա 63-ամյա կինը, անվտանգության նկատառումններից ելնելով, նախընտրել են անանուն մնալ:

Նրանք մանրամասնել են, որ վիճակախաղ են խաղում արդեն մոտ քառասուն տարի և որ վերջին  վիճակահանության ժամանակ տոմսի թվերն ընտրել են ըստ իրենց ընտանիքի անդամների ծննդյան ամսաթվերի:

«Ձախ ձեռքս երկու շաբաթ անընդմեջ քոր էր գալիս, ինչը նշանակում էր, որ գումար եմ ստանալու: Բացի այդ, տոմսը գնելուց հետո արծաթափայլ մետաղադրամ գտա, ինչը վկայում էր, որ տոմսը հաջողակ է լինելու»,-պատմել է կինը:

Աղբյուրը մանրամասնում է, որ դաշնային և նահանգային հարկերի գանձումից հետո, զույգը կստանա 227.8 մլն դոլար:

Զույգը մտադիր է մարել հիփոթեքային վարկը, գումար հատկացնել երեխաներին ու թոռներին, ներդրումներ անել և, ի վերջո, վայելել կյանքը:

«Հիմա այնքան թեթևացած եմ զգում: Ուղղակի անհավատալի զգացողություն է իմանալ, որ այլևս չկա այնպիսի հաշիվ, որը չենք կարող վճարել»,-ասել է ամուսինը: