Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում կարանտինային ռեժիմ սահմանել հանուն Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական օգնության
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը կորոնավիրուսային համավարակի ֆոնին չի պատրաստվում կարանտինային ռեժիմ կամ պարետային ժամ սահմանել՝ Արժույթի միջազգային հիմնադրամից «արագ» ֆինանսական աջակցություն ստանալու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Լուկաշենկոն ուրբաթ բանկային համակարգի կողմից տնտեսությանն աջակցություն ցուցաբերելու միջոցառումների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել։ Պետության ղեկավարը մասնավորապես ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ կորոնավիրուսին դիմակայելու բելառուսական փորձով է հետաքրքրվել Համաշխարհային բանկը։
«Այն պատրաստ է առաջարկածից 10 անգամ ավելի շատ ֆինանսական օժանդակություն հատկացնել այն բանի համար, որ մենք արդյունավետ կերպով ենք պայքարում այս հիվանդության դեմ։ Անգամ մեր փորձից են հարցրել Առողջապահության նախարարությունից։ Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակում է պահանջել մեզնից, որ կարանտինային ռեժիմ, մեկուսացում, պարետային ժամ սահմանենք: Դա ի՞նչ հիմարություն է։ Որևէ մեկի դուդուկի տակ չենք պարելու»,- հայտարարել Լուկաշենկոն։
Ավելի վաղ Բելառուսի Ազգային բանկը հայտնել էր, որ Մինսկը բանակցություններ է վարում ԱՄՀ-ի հետ համաշխարհային տնտեսական իրավիճակի վատթարացման և COVID-19-ի համաճարակի հետ կապված շուրջ 900 միլիոն դոլարի «արագ» ֆինանսական օժանդակություն ստանալու շուրջ։
Ապրիլի կեսին Ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ ԱՄՀ-ն պետք է Մինսկին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը դիտարկի մինչև ապրիլի վերջ։
Մայիսի 13-ին հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի նախագահ Պավել Կալաուրը հայտարարել էր, որ ԱՄՀ-ի հետ բանակցությունները շարունակվում են:










