Մինսկի բնակիչները 5 կմ երկարությամբ մարդկային շղթա են կազմել՝ ի նշան ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների ձերբակալման դեմ բողոքի (տեսանյութ)

12:52 • 19.06.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընդդիմախոսները սպասվող նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի մրցակիցների օգտին ստորագրահավաք անցկացնելուն զուգահեռ նաև իրականացրել են ընդդիմադիր քաղաքական գործիչներին և ակտիվիստներին աջակցող մեկ այլ ակցիա: Նրանք մայրաքաղաք Մինսկի փողոցներում մի քանի կիլոմետր երկարությամբ մարդկային շղթա են կազմել:

Ինչպես հայտնում է meduza.io կայքը, ակցիան իրականացվում է հաջակցություն այն ակտիվիստների և քաղաքական գործիչների, որոնք ձերբակալվել են նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Այսպես կոչված «Համերաշխության շղթան» սկսել է ձևավորվել Մինսկի գլխավոր պողոտայում՝ ձգվելով մոտ հինգ կմ: Անցնող մեքենաների վարորդները ձայնային ազդանշաններ են տվել ի նշան համերաշխության, մեքենաներից հնչել է Վիկտոր Ցոյի «Перемен» երգը: Ոստիկանությունը մասամբ փակել է պողոտան:

Ըստ իրավապաշտպանների՝ ակցիային մասնակցել է ավելի քան երկու հազար մարդ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Յուրի Գուբարևիչը, Նիկոլայ Կոզլովը, Օլգա Կովալկովան:

«Այսօր բելառուսները շղթա են կազմել հանուն ազատության և իրենց նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք են պահանջում»,-ասել է Կովալկովան:

Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 18-ին Մինսկում ձերբակալվել էր նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոն, որը մեղադրվել է հակաիրավական գործունեություն ծավալելու համար: 

Եվս մեկ ընդդիմադիր՝ բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, որի կինը մասնակցում է նախագահական մրցապայքարին, ձերբակալվել է մայիսի վերջին՝ իրավապահների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կայանալու են օգոստոսի իննին: Լուկաշենկոն մտադիր է 6-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը: