Արծաթյա գավաթներ, ծաղկամաններ. լեհական ամրոցի ավերակներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գանձ են գտել (տեսանյութ, լուսանկարներ)
Լեհական Նովի Սաչ քաղաքում գտնվող և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ավերված 14-րդ դարի ամրոցի ավերակների տակ արծաթյա թանկարժեք իրերով լի սնդուկ է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է miastons.pl կայքը:
Թագավորական ամրոցում պեղումների ժամանակ գտածոն հայտնաբերել են Պատմահետազոտական ասոցիացիայի ներկայացուցիչները:
Սնդուկում հայտնաբերվել են արծաթե գավաթներ, ծաղկամաններ, սպասք` ընդհանուր առմամբ 103 իր` պատրաստված Լեհաստանում և Ավստրիայում 19-րդ և 20-րդ դարի սահմանագծին:
Ենթադրվում է, որ իրերը պատկանել են տեղի հրեաներին, որոնց գերմանացիները 1942 թվականին արտաքսել են այստեղից:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այս ամրոցը գերմանացիների համար կացարան է ծառայել, 1945 թվականին այն պայթեցրել են լեհ պարտիզանները:






















