«Թրամփի Ամերիկան բարության ուժ է»․ Պոմպեոն նախագահի մասին սկանդալային գրքի հեղինակ Ջոն Բոլթոնին դավաճան է անվանել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին դավաճան, իսկ Սպիտակ տան մասին նրա գիրքը կեղծ է անվանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ես գիրքը չեմ կարդացել, սակայն հրապարակված հատվածներից դատելով՝ կարելի է ասել, որ Բոլթոնը սուտ պնդումների մի ամբողջ շարք է տարածում: Եվ ցավալի է, և վտանգավոր, որ Ջոն Բոլթոնը դավաճան դուրս եկավ, որը, չարաշահելով իր ժողովրդի սուրբ վստահությունը, վնաս հասցրեց Ամերիկային»,- ասվում է Պոմպեոյի գրավոր հայտարարության մեջ։
«Ամբողջ աշխարհով մեր ընկերներին ուզում եմ ասել․ դուք գիտեք, որ նախագահ Դոնալդ Թրամփի Ամերիկան բարության ուժ է»,- նշել է Պոմպեոն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ջոն Բոլթոնը պատրաստվում է «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը» սկանդալային գիրքը թողարկել, որտեղ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության մութ էջերն են բացահայտվում։
ԱՄՆ նախագահն, իր հերթին, հայտնել էր, որ Բոլթոնը, գրքում գաղտնի տեղեկատվություն ներառելով, խախտում է օրենքը։
Հունիսի 16-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Բոլթոնին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չհրապարակելու՝ օրենքով սահմանված պարտավորությունը խախտելու համար:
Երկրի արդարադատության նախարարությունը Simon & Schuste հրատարակչությունից պահանջում է կանգնեցնել գրքի հրատարակումը մինչև այն պահը, երբ Բոլթոնը դրանում առկա գաղտի տեղեկությունների վերաբերյալ համաձայնության կգա վարչակազմի հետ։ Նախարարությունը նաև պահանջում է դատարանից, որպեսզի արդեն տպված տարբերակները վերացվեն, իսկ այդ տեղեկությունների արտահոսքը լրատվամիջոցներ արգելվի։
Նշվում է, որ հայցի մասին տեղեկություններից հետո ԱՄՆ լրատվամիջոցների մոտ նախագահի մասին գրքից հատվածներ են հայտնվել, որոնցից մեկի համաձայն՝ Թրամփը հարցնում է, թե արդյոք Ֆինլանդիան Ռուսաստանի կազմում է, թե ոչ, մյուսում հայտարարում է, որ չի ցանկանում ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, Չինաստանի ղեկավարին ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու մասին խնդրանքով է դիմում, ինչը կարող է որպես հանցագործություն դիտարկվել։










