Ղազախստանի վարչապետը դուրս է եկել ինքնամեկուսացման ռեժիմից

11:44 • 19.06.20

Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստի բացասական պատասխանից հետո դուրս է եկել ինքնամեկուսացման ռեժիմից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Ղազախստանի վարչապետի մամուլի ծառայության ղեկավար Զարինա Նուրլանովայի հայտարարությանը։

«Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը կորոնավիրուսային վարակի ախտորոշման վերաբերյալ արձանագրությանը համապատասխան սահմանված ժամանակի լրանալուն պես դուրս է եկել ինքնամեկուսացման ռեժիմից։ COVID-19 կրկնակի թեստի արդյունքում երկրորդ անգամ բացասական պատասխան է ստացվել»,- գրել է Նուրլանովան ֆեյսբուքյան իր օգտահաշվում։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Ղազախստանի կառավարության մի քանի անդամներ՝ այդ թվում և վարչապետ Ասկար Մամինը, երկրի առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո ինքնամեկուսացել էին։

Կրթության նախարար Ասհաթ Այմագաբետովը, գյուղատնտեսության նախարար Սապարհան Օմարովը, Էկոլոգիայի, երկրաբանության և բնական պաշարների նախարար Մագզում Միրզագալիևը նույնպես թեստեր են հանձնել և բոլորն էլ բացասական պատասխան են ստացել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոտ նույնպես կորոնավիրուս է հաստատվել: Գերատեսչությունում նշել են, որ «անհանգստանալու կարիք չկա», Նազարբաևն այժմ ինքնամեկուսացած է և շարունակում է աշխատել հեռակա ձևաչափով:

Ղազախստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 16 351 և մահվան 105 դեպք: