«Երկրորդ համաշխարհային պատերազմի 75-րդ տարեդարձի իրական դասերը». Պուտինը հոդված է գրել National Interest պարբերականի համար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան National Interest պարբերականի համար Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված հոդված է գրել: Հոդվածի ռուսալեզու տարբերակը հրապարակվել է Կրեմլի կայքում: Ռուս առաջնորդը հոդված գրելու ցանկությունը բացատրել է անցյալի և ապագայի առաջ պատասխանատվությամբ և ողբերգության չկրկնվելու ցանկությամբ:
Հոդվածը հրապարակվել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի 75-րդ տարեդարձի իրական դասերը» վերնագրով: Նյութում Պուտինը պատմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը և բացատրել է դրա առաջացման պատճառները: Նա հիշեցրել է, որ 2019-ին ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում մասնակիցները միակարծիք են եղել նացիստների նկատմամբ տարած հաղթանակի հարցում խորհրդային ժողովրդի կարևոր դերի հարցում: Նրա խոսքով` ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները կռվում էին կողք-կողքի:
«Սովորության համաձայն գործելով՝ որոշ քաղաքական գործիչներ շտապել են հայտարարել, որ Ռուսաստանը վերաշարադրում է պատմությունը: Սակայն նրանց չի հաջողվել ժխտել ոչ մի փաստ և հիմնավորում: Իսկապես, դժվար է, եթե ոչ անհնարին, վիճել իրական փաստաթղթերի հետ, որոնք, ի դեպ, կարելի է գտնել ոչ միայն ռուսական, այլև արտասահմանյան արխիվներում», - գրել է Պուտինը:
Նախագահը կարծում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառները կապված են Առաջին համաշխարհայինից հետո ընդունված որոշումների հետ:
«Ազգային նվաստացումը պարարտ հող էր ստեղծել Գերմանիայում արմատական ռևանշիստական տրամադրության համար», - գրել է ՌԴ նախագահը:
Հոդվածում նախագահը կարծիք է հայտնում, որ Ստալինը, ի տարբերություն եվրոպական երկրների առաջնորդների, «չի խայտառակել իրեն Հիտլերի հետ հանդիպումով, որն արևմտյան ժողովուրդների շրջանում հայտնի էր որպես բավականին հեղինակավոր քաղաքական գործիչ և ցանկալի հյուր էր եվրոպական մայրաքաղաքներում»:
Հոդված գրելու ծրագրերի մասին Պուտինը խոսել էր 2019 թվականի դեկտեմբերին՝ մամուլի ասուլիսի ժամանակ: Հունիսի 14-ին Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ նախագահը գրել է նյութը և շուտով կորոշի դրա հրապարակման ժամկետը:










