ԵՄ առաջնորդները կես տարով երկարաձգել են Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները
Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն ու վարչապետերն առցանց գագաթնաժողովի ժամանակ որոշում են ընդունել կես տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ԵՄ անդամ երկրներից մեկի պատվիրակությունում իր աղբյուրին:
«Առաջնորդները համաձայնել են երկարաձգել պատժամիջոցները ևս 6 ամսով»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Դիվանագետի խոսքով՝ այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մյուս ղեկավարներին տեղեկացրել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման մինսկյան համաձայնագրերի իրականացման ընթացքի մասին:
«Ինչպես գիտենք, Ռուսաստանի դեմ սահմանափակիչ միջոցառումները կապված են Մինսկի համաձայնագրերի իրականացման հետ: Ղեկավարները եզրակացության են եկել, որ այս գործընթացում էական առաջընթաց չի գրանցվել, ուստի որոշվել է երկարաձգել պատժամիջոցները»,- պարզաբանել է աղբյուրը:
2015 թվականի փետրվարին Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարները փաստաթուղթ են վավերացրել, որը հայտնի է «Մինսկի համաձայնագիր» անվամբ: Այն ստորագրել են նաև ԵԱՀԿ-ի և ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչները: Պայմանավորվածությունների համաձայն` կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները: Կիևը պարտավորություն է ստանձնել բարեփոխումներ իրականացնել և շրջանին հատուկ կարգավիճակ տալ:










