Թրամփը հայտնել է՝ որ դեպքում կարող է պարտվել ԱՄՆ նախագահական ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտավախություն ունի, որ կարող է պարտվել աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում, եթե քվեարկությունը փոստային եղանակով անցկացվի, որին աջակցում են դեմոկրատները: Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է The Washington Times թերթին տված հարցազրույցի ժամանակ։
«Փոստային քվեարկությունը միակ տարբերակն է, որի դեպքում կարող եմ պարտվել, որովհետև դեմոկրատները խաբում, թալանում ու գողանում են։ Նրանք քվեաթերթիկները որոշ շրջաններ, հիմնականում հանրապետական շրջաններ չեն ուղարկում»,- նշել է Թրամփը։
Նախագահը կարծում է, որ նման եղանակով մարդկանց կամարտահայտման իրավունքը կարող է խախտվել։
Թրամփն արդեն բազմիցս դեմ է արտահայտվել փոստային քվեարկությանը, որը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով մի շարք նահանգներում կարող է թույլատրելի լինել։
ԱՄՆ ղեկավարը, հարցազրույցի ընթացքում խոսելով մրցակիցների մասին, նշել է, որ Բայդենը շատ ավելի թույլ մրցակից է իր համար, քան 2016 թվականի նախագահական ընտրություններում իր մրցակից Հիլարի Քլինթոնը, սակայն Դեմոկրատական կուսակցության քարոզչամեքենան ավելի ուժեղ է, քանի որ նրանք «հուսահատության մեջ են»։
Real Clear Politics պորտալի վերջին հարցման արդյունքներով՝ Բայդենն ընտրողների շրջանում ժողովրդականության առումով միջինը 8,5%-ով առաջ է անցնում Դոնալդ Թրամփից։










