Չեմ բացառում, որ ՀՀ-ում կան մարդիկ, որոնք, մեղմ ասած, չեն սիրում մեր վարչապետին․ Ալեն Սիմոնյան

15:53 • 20.06.20

ՀՀ-ն գտնվում է պատերազմական դրության մեջ, և մենք ունենք բազմաթիվ թշնամիներ, և ՀՀ ղեկավարը պետք է լինի ամենապաշտպանված անձանցից մեկը: Վերջիվերջո, ես չեմ բացառում, որ ՀՀ-ում էլ կան մարդիկ, որ այս գործընթացների շրջանակում, մեղմ ասած, չեն սիրում մեր վարչապետին, մեր գործունեությունը:

Այս մասին «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու՞ են ՔՊ գրասենյակի տարածքում դիպուկահարներ շրջում:

«Արդեն մեկ ամիս է՝ ինձ հետ ոստիկանության աշխատակից է շրջում: Ես նույնպես կարծում եմ, որ վարչապետի անվտանգությունը պետք է ամենաբարձր ձևով ապահովվի, և դա նորմալ է»,-հավելեց պատգամավորը:

Հարցին՝ ե՞րբ եղավ անհրաժեշտություն, որ իր հետ ոստիկան է շրջում, Սիմոնյանը պատասխանեց, թե կոնկրետ, անվանական սպառնալիքից հետո, որի հետ կապված, իր ունեցած տեղեկություններով, նաև քրեական գործի նյութեր են նախապատրաստվում:

Հարցին՝ էլի՞ պատգամավորներ կան, որոնց հետ ոստիկան է շրջում, Սիմոնյանը պատասխանեց, թե անձամբ ինքը ընկերների, բարեկամների խորհրդով է այդ քայլին գնացել: «Անվանական սպառնալիքներ, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ են եղել»,-նշեց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե եթե լրագրողներին, քաղաքացիներին էլ են սպառնում, նրանք և՞ս կարող են դիմել, որ ոստիկանն ուղեկցի, Սիմոնյանը արձագանքեց՝ պարտավոր են դիմել: «Ես պետական պաշտոնյա եմ»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե նման կարգավորում նախատեսված չէ, որ պատգամավորին պետք է ոստիկան ուղեկցի, Սիմոնյանն արձագանքեց, թե իր հետ կապված նման որոշում է կայացվել: «Չկա կարգավորում, որ պատգամավորը պետք է ունենա, բայց, այնուամենայնիվ, ես պետական պաշտոնյա եմ»,-ասաց նա:

Հարցին՝ սա իշխանության ներկայացուցչի համար արտոնություն չէ՞, պատգամավորն արձագանքեց. «Մեծագույն արտոնություն է, որ փորձում են փրկել իմ կյանքը, առողջությունը»: