Գազպրոմը «Հյուսիսային հոսք 2» գազամուղի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու տարբերակ է գտել. Die Welt
ԱՄՆ-ը «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցմանը խոչընդոտելու հնարավորություն գրեթե չունի, РИА Новости-ի փոխանցմամբ՝ գրում է Die Welt-ը:
Գերմանական պարբերականի փոխանցմամբ՝ գազամուղը գործնականում պատրաստ է, Մոսկվան էլ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու տարբերակ է գտել. եթե մինչ այժմ «Ակադեմիկոս Չերսկի» նավը գրանցված էր Գազպրոմ ընկերության հաշվեկշռում, ինչը պատժամիջոցների բերումով խնդիրներ էր առաջացնում, ապա այժմ այն գրանցված է Ռուսաստանում գործող STIF հիմնադրամի հաշվեկշռում: «Այսկերպ ռուսական ընկերությունը հնարավորություն է ստանում ավարտին հասցնել գազամուղի կառուցման աշխատանքներն ու չբախվել խնդիրների», - նշում է պարբերականը:
«Հյուսիսային հոսք 2» ծրագրով նախատեսված էր Ռուսաստանի ափից Բալթիկ ծովի հատակով մինչև Գերմանիա երկու խողովակաշարից բաղկացած գազամուղ կառուցել, որով տարեկան 55 միլիարդ խ.մ. ռուսական գազ կարտահանվի Գերմանիա: Նախագծին դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ը, որը ձգտում է եվրոպական շուկայում մեծացնել ամերիկյան սեղմված (թերթաքարային-խմբ.) գազի սպառման ծավալները, ինչպես նաև՝ Ուկրաինան, քանի որ գազամուղի գործարկման դեպքում Կիևը դեպի ԵՄ գազի արտահանման հարցում Ռուսաստանի համար կկորցնի իր տարանցիկ նշանակությունը:










