Հնդկաստանը պայքարում է երկու «համաճարակի» դեմ․ երկիր «ներխուժած» մորեխների հսկայական պարսերը դատարկում են սննդամթերքի պաշարները (լուսանկարներ)
Հնդկաստանի որոշ շրջաններ, ինչպես զգուշանում են տեղի պաշտոնյաները, անապատային մորեխների զանգվածային հարձակումների պատճառով կարող են հայտնվել սովի վտանգի առաջ, գրում է Mirror-ը։
Երկիրը միաժամանակ պայքարում է երկու «համաճարակի» դեմ՝ կորոնավիրուսի և 30 տարվա ընթացքում մորեխների ամենամեծ «հարձակման», գրում է աղբյուրը։
Փորձագետները մտավախություն ունեն, որ վնասատուները, որոնք ցանքատարածությունները դատարկում են ապրիլի վերջից, կարող են դատարկել երկրի պարենային պաշարների զգալի մասը:
Ապրիլի 30-ին Պակիստանից Ռաջաստան նահանգ միլիոնավոր միջատներ էին ներխուժել և այդ ժամանակից ի վեր տարածվել Հնդկաստանի ևս հինգ այլ նահանգներում։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մորեխների կանխատեսման ավագ աշխատակից Քիթ Քրեսմանը հայտնել է, որ դեռևս դժվար է կանխատեսել, «թե որքան ուժեղ կլինի վնասատուների հասցրած վնասը»։
Նշվում է նաև, որ երկրում ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը․ վերջին տվյալներով՝ հաստատվել է վարակի 396 661 դեպք, որոնցից 12 971-ը՝ մահվան ելքով։ Երկիրը կորոնավիրուսի վարակակիրների թվով աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին մորեխների հարձակման պատճառով Ուտար Պրադեշում, Ռաջաստանում, Մահարաշտրայում և Մադհյա-Պրադեշում, ինչպես նաև մերձակա գյուղատնտեսական շրջաններում հայտարարվել էր արտակարգ իրավիճակ:

![]()












